Արդեն հայտնի է մայիսի 5-ին կայանալիք Երևանի համայնքապետի ընտրություններին ՀՀԿ­ 195 հոգուց բաղկացած ցուցակը։ Նշենք, որ Երևանի ավագանու անդամների  թիվը ընդամենը 65-ն են և հարց է, թե այդ 65 տեղերից քանիսը բաժին կհասնի ՀՀԿ­ականներին։

ՀՀԿ ցուցակն այնքան բազմազան է, որ  YerevanNews.am-ը մաս-­մաս կներկայացնի այդ ցուցակի առանձնահատկությունները։  Ցուցակն,  ինչպես բոլորին է հայտնի գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հետաքրքրական է, որ ցուցակի 44-րդ տեղն է զբաղեցնում ԱԺ ՀՀԿ­-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արթուր Պետրոսյանը, ով բացի Ալեքսանյանի բարեկամը լինելուց  նաև «Լուս Աստղ Շուգր» ՍՊԸ­ի  փոխտնօրենն է:

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կրակոսյանն էլ ՀՀԿ ցուցակի 88-­րդ տեղն է զբաղեցնում: Նույն սուպերմարկետների ցանցի անվտանգության պատասխանատու Արշակ Ամիրյանն էլ ցուցակի 149-­րդ տեղում է:

Ուշագրավ է, որ ՀՀԿ ցուցակի 165­-րդ տեղն է զբաղեցնում «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ­-ի վաճառքի բաժնի պետ Վաչագան Գրիգորյանը, ով նույնպես ՀՀԿ-­ական է:

Հանրապետականների ցուցակի այս ներկայացուցիչները, դժվար թե դառնան ավագանու անդամներ, սակայն նրանց դերը չպետք է թերագնահատել  այս ընտրություններում: Սուպերմարկետների ցանցերի  ներկայացուցիչները դեռ  ՀՀԿ-­ականների համար պետք է բազմաթիվ ծառայություններ մատուցեն: Իսկ  Սամվել Ալեքսանյանը ևս մեկ անգամ պետք է ապացուցի իր հավատարմությունը ՀՀԿ­-ին: