Ոչ միայն Հայաստանում, նաև աշխարհի շատ երկրների ֆեշն ասպարեզում հայտնի և բավականին մեծ պահանջարկ ունեցող հայազգի դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանը գեղեցիկ երեկույթ էր կազմակերպել Shadoyan fashion ատելյելի պաշտոնական բացմանը նվիրված: Երեկույթը տեղի ունեցավ SEVEN լաունջ-ռեստորանում, իսկ հյուրերի թվում էին Եվա Ռիվասը, Անահիտ Սիմոնյանը, Գոհար Հարությունյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը և այլոք: Մեկ նախադասությամբ ասած` այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին շադոյանական արվեստի բազմաթիվ սիրահարները:
Yerevannews.am-ի հետ իրենց շնորհավորանքներով, կարծիքներով և տպավորություններով կիսվեցին Եվա Ռիվասն ու Անահիտ Սիմոնյանը:
«Գևորգի հետ ես շատ եմ համագործակցել, իմ «Վերադարձ» տեսահոլովակի հագուստների հեղինակը հենց նա է, ես նրա հագուստներով ֆոտոսեսիաների եմ մասնակցել և դա վերջը չէ, ես վստահ եմ, որ մեր ընկերությունն ու համագործակցությունը դեռ երկար է շարունակվելու: Ինձ միշտ տպավորել է նրա տաղանդը և կատարած աշխատանքը: Ես սրտանց շնորհավորում եմ Գևորգին ատելյեյի բացման կապակցությամբ»,- ասաց Եվա Ռիվասը:
«Գևորգ Շադոյանն ինձ համար շատ հարազատ մարդ է դեռ այն ժամանակից, երբ կարեց իմ առաջին տեսահոլովակի զգեստները: Ես շնորհավորում եմ Գևորգին, շատ ուրախ եմ նրա հաջողությունների համար և ցանկանում եմ, որ ավելի մեծ բարձրունքների հասնի»,- իր բարի և գեղեցիկ ժպիտով ավելացրեց Անահիտ Սիմոնյանը:
Իսկ մինչ միջոցառումը Գևորգ Շադոյանի մենեջեր Անի Հայրապետյանը սիրով ներկայացրեց, թե ինչ անակնկալ է լինելու երեկոյի ընթացքում.
«Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է, թե ինչպես է Գևորգ Շադոյանը ստեղծում մեր զգեստներից մեկը: Այսինքն մանրամասն, բոլորի աչքի առջև ցուցադրվելու է թե՛ զգեստը նկարելը, թե՛ կարելը և թե՛ ինչպես է այն ստանում իր վերջնական տեսքը»:
Yerevannews.am-ը, իհարկե, զրուցեց նաև երեկոյի գլխավոր հերոսի հետ:
«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր ներկա գտնվողներին՝ մեզ հետ այս ուրախ և նշանակալից օրը նշելու համար: Պաշտոնական բացումն է եղել Shadoyan fashion ատելյեի, որտեղ շուտով կցուցադրվի մեր նոր հավաքածուն, որը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին: Բայց մինչ այդ հավաքածուի կեսը, որը 20 կտոր զգեստ է լինելու, ցուցադրելու ենք Արցախում, այնուհետև ամբողջ հավաքածուն(40 զգեստ) կցուցադրենք Պարսկաստանում, Մոսկվայում, Բելառուսում, Ամերիկայում և Ավստրալիայում»,- եզրափակեց Գևորգ Շադոյանը:
Երեկոն հիրավի ավարտվեց աննկարագրելի էմոցիաներով և հյուրերի մեծ ոգևորությամբ: Նշենք նաև, որ Shadoyan fashion ատելյեն գտնվում է Ամիրյան 7/2 հասցեում: