Նաիրա Մովսիսյանի համարձակ և կանացի կերպարին ծանոթ են շատերը, բայց ինչպիսի յուրահատուկ, անկեղծ, ազնիվ ու ինչու չէ նաև փխրուն տեսակ է նա, կարծում եմ քչերն են տեղյակ: YerevanNews.am- ի հյուր Նաիրա Մովսիսյանն իր դրական էներգիայով ավելի հաճելի դարձրեց հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև.
Ե՞րբ եք արտասվել վերջին անգամ և ինչու՞:
Լինում են պահեր, երբ նկատում ես ինչ-որ բան, մի իրավիճակ, որը քեզ հիշողությունների գիրկն է գցում: Անպայման չէ, որ այն բացասական լինի: Իմ դեպքում լրիվ հակառակն էր: Ես ակամայից կյանքիս գեղեցիկ դրվագներից մեկը հիշեցի, ժպիտս խառնվեց տխրությանս հետ և արտասվեցի: Դա մոտ երկու շաբաթ առաջ էր: Իսկ դրանից առաջ բավականին երկար ժամանակ չեմ արտասվել:
Ովքե՞ր են Ձեզ համար տարօրինակ մարդիկ:
Ես ինքս: Ինձանից ավելի տարօրինակ մարդ չեմ հանդիպել և չեմ էլ պատկերացնում:
Երբևէ ինչ-որ բան գողացե՞լ եք:
Այո՛: Շատ վաղուց էր: Թատերախմբով մեկնել էինք Թիֆլիս:Այնտեղից եմ գողացել, բայց չեմ ասի ինչ: Նաև պատահել է, որ գիրք եմ գողացել գրադարանից:
Առանց ինչի՞ կամ ու՞մ չեք կարող ապրել:
Մայրիկիս: Դա միանշանանակ: Ես առանց մայրիկիս չեմ կարող ապրել: Իսկ առանց ինչ-որ առարկայականի հաստատ կապրեմ, քանի որ նյութապաշտ չեմ: Ամեն ինչ փոխվում է, բայց ոչինչ չի կորչում:
Հավատու՞մ եք աստղաբանությանը:
Այո՛: Շատ եմ հավատում:
Ձեր մանկության տիկնիկին ե՞րբ հրաժեշտ տվեցիք:
Շատ վաղ հասակում: Ընդհանրապես սերտորեն կապված չեմ եղել տիկնիկների հետ: Հիշում եմ, որ ավելի շատ մեքենաներ, ավտոմատներ էի սիրում:
Ձեր սիրտն ազգություն ճանաչու՞մ է:
Իհարկե: Կարծում եմ յուրաքանչյուր մարդ, ում երակներում հայի արյուն է հոսում, չի կարող սիրել մեր վաղեմի և ներկայիս թշնամի ազգերի ներկայացուցչին: Արյան շրջանառությունը կատարվում է սրտի միջոցով և թույլ չի տա, որ ճանաչի թշնամուն, որքան էլ անհատապես լավը թվա:
Ո՞րն է Ձեր կյանքի գույնը:
Բոլորն անխտիր: Նույնիսկ երանգներից մեկը եթե չլինի, դատարկ տեղը միանգամից կզգամ:
Նախորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ եք եղել:
Կենդանիներից երեք տարբերակ ունեմ. առյուծ, սկյուռիկ և կարապ, կամ դրանց խառնուրդը, չնայած դժվար է պատկերացնել: Իսկ որպես մարդ, կարծում եմ, նույնն եմ եղել: Համոզված չեմ միայն ազգության հետ կապված: Մտերիմներիցս լսել եմ, որ հունական դիմագծեր ունեմ, իսպանուհու խառնվածք, ֆրանսուհու շարժուձև: Համենայն դեպս վստահություն ունեմ, որ սեռս չի փոխվել:
Կնոջ ո՞ր հատկանիշն է ամենակարևորը:
Կանացիությունը: Խոսքը թուլության, կամ ուժի մասին չէ, ոչ էլ շարժուձևի և պահելաձևի: Կանացիությունը ազգ չի ճանաչում: Կանացիությունն օգնում է կնոջը լավ մայր լինել, սիրելի կին, լավ ընկեր: Կանացիությունն ընդհանրապես օգնում է կնոջը հաղթահարել շատ ու շատ դժվարություններ: Կնոջ կանացի տեսակը միշտ եղել է և պետք է լինի, որովհետև անչափ կարևոր է:
Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը:
Թող ինձ ներեն բոլորը, բայց ինձ համար երկսեռությունն է գնահատելի, այն, ինչ Աստված ստեղծեց ի վերուստ: Նույնիսկ երբեմն նայում ենք իրար կողք կողքի աճող ծաղիկների ու անմիջապես մտածում, որ տղա-աղջիկ են,կամ երկու կենդանի… ու մտածում ենք, որ որձ և Էգ են, որովհետև մարդ արարածի ընկալման մեջ դեռևս չկա տղա-տղա, աղջիկ-աղջիկ հասկացողությունը: Ես ունեմ համասեռամոլ ընկերներ, որոնց որպես անհատ ընդունում եմ, հարգում եմ, բայց համասեռամոլություն երևույթը ինձ համար մնում է անընդհունելի:
Եթե հանդիպեք Աստծուն, ի՞նչ կշշնջաք նրա ականջին:
Շնորհակալ եմ ամեն լավի համար, որ տվել ես և ամեն վատի, որ չես տվել:
Համակարծի՞ք եք Ֆ. Նիցշեի այն մտքի հետ, որ կինն Աստծո երկրորդ սխալն է:
Կինն առաջին և միակ ճիշտ բանն է, որ Աստված ստեղծել է, սա որպես կատակ(ժպտում է): Իսկ իրականում համամիտ չեմ, որ կինը սխալ է, ոչ էլ տղամարդը: Մեկը մյուսին պետք Է, մեկը մյուսին լրացնում է: Կինն առանց տղամարդու չի կարող գոյատևել, նույնն էլ հակառակը: