Այսօր հերթական անգամ նաիրիտցիները հավաքվել էին Կառավարության շենքի առջև և պահանջում էին իրենց խոստացված աշխատավարձերը։
Հավաքվածները նշում էին, թե այլևս չեն հավատում Կառավարությանը, և պահանջում էին իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց ներկայացնել։ Նաիրիտի նախկին աշխատակիցներից մեկը մասնավորապես ասում է, թե այլևս չի կարելի խոստումներ տալ և դրանք չկատարել:
Հավքվածները հասկանում են, որ այս հարցի կարգավորման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, որպեսզի ի վերջո լուծում տրվի արդեն 4 տարի շարունակվող իրավիճակին։ Ասում են միջպետական բանկի հետ պետք է հարցը կարգավորվի, սակայն սա ժամանակ շահելու միջոց է։ Աշխատավարձերը մարելու համար պետք է ընդամենը քաղաքական որոշում, որը պետք է կայացնի իշխող կուսակցությունը և Կառավարությունը։ Քաղաքացիները մանրամասնում են նաև, որ անկախ նրանից, թե ում հետ, ինչ բանակցություններ են վարում, նրանք պարտավոր են որտեղից ցանկանում են այդ գումարները ճարեն:
Կառավարության առաջ բողոքի ակցիայից հետո նաիրիտցիները որոշում կայացրեցին երթով քայլել դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։