Yerevannews.am-ի հյուրը երիտասարդ կինոգործիչ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և «Սթեյջ 7» դպրոց-ստուդիայի հիմնադիր Տիգրան Նալչաջյանն է, ում հետ զրուցում ենք «Սթեյջ 7»-ի ծավալած գործունեության, հայկական ժամանակակից կինոինդուստրիայի և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

«Սթեյջ 7» մեր դերասանական դպրոց-ստուդիան գործում է արդեն 5 տարի, որտեղ պատրաստվում են դերասաններ:Կան մանկական և մեծահասակների խմբեր: Այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ ներկայացումներ ենք ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նաև հյուրախաղերով մեկնել ենք Վրաստան և հայկական համայնքի համար 6 ներկայացում ենք ունեցել: Այս ամենից հետո ես իմ առջև գլխավոր նպատակ դրեցի, որպեսզի ստուդիան աստիճանաբար դառնա կինոստուդիա: Մենք սկսեցինք հասնել այդ նպատակին:

Նկարահանվեց մի քանի կարճամետրաժ ֆիլմ, որոնք բավականին մեծ հետաքրքրություն առաջացրին համացանցում՝ դիտումների առումով: Մեկը «Այնտեղ» ֆիլմն էր, որի պրոդյուսերն էի ես, մյուսը «Մի առավոտ» բարություն քարոզող ֆիլմն էր՝ իմ ռեժիսորական աշխատանքը, և իմ սցենարով նկարահանված «Մանկատնից հետո» ֆիլմը, որի ռեժիսորը նույնպես ես եմ եղել և փոքրիկ դեր եմ խաղացել: Վերջին ֆիլմը պատմում է, թե ինչով են զբաղվում մանկատան սաները չափահաս դառնալուց հետո: Ներկա դրությամբ մոնտաժային փուլում է գտնվում այդ ֆիլմը: Առաջիկայոմ ունենք շատ ավելի մեծ նախագիծ, որն էկրաններ պետք է բարձրանա և ավելի ինտենսիվորեն զբաղվում ենք այդ ֆիլմի աշխատանքներով: Ունենք շատ լավ դերասաններ, ովքեր մեր ֆիլմերում և ներկայացումներում են խաղում: Օրեր առաջ Համազգային թատրոնում ունեցանք «Մոխրոտը» նորացված տեսակով բեմադրություն, որը շատ ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից և անցավ լեփլեցուն դահլիճում : Մենք դա համարում ենք մեր կարևոր հաղթանակներից մեկը, քանի որ իսկապես հաջողություն ունեցավ: Մեր թիմը նվիրվածության շնորհիվ կարողանում է այնպես անել, որ մեր ստուդիայի սաները հնարավորինս պրակտիկա ձեռք բերեն և լինեն արվեստի մեջ:

Ինչու՞ և ինչպե՞ս որոշեցիք բացել դպրոց-ստուդիա:

Ես Ֆրանսիական համալսարանի իրավաբանական բաժինն եմ ավարտել, սովորել եմ շատ լավ, բայց մի քանի ամիս մասնագիտությամբ աշխատելուց հետո հասկացա, որ այլևս չպետք է ժամանակ կորցնեմ և պետք է իրականացնեմ իմ վաղեմի երազանքը՝ զբաղվեմ կինոյով: Նույնիսկ համալսարանում սովորելու տարիներին չեմ հրաժարվել իմ երազանքից և հնարավորինս փորձել եմ զբաղվել կինոյով: Հենց համալսարանում նկարահանել եմ կարճամետրաժ ֆիլմեր և տարատեսակ հոլովակներ: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո վերադարձա և վերջնական որոշում կայացրեցի զբաղվել կինոյով:
Պետք է փաստեմ, որ կինո մուտք գործելը դժվար գործընթաց է, հատկապես Հայաստանում, և արվեստն իսկապես զոհեր է պահանջում: Սկսեցի հեռուստաընկերությունների հետ կապեր հաստատել, համագործակցել, ծանոթություններ ձեռք բերել, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր իմ գրած սցենարներով նախագծերն իրականացնել: Ես որոշեցի, որ չեմ ցանկանում կախում ունենալ ռեժիսորներից, պրոդյուսերներից և պետք է իմ սեփական գործունեությունը ծավալեմ: Արդյունքը եղավ «Սթեյջ 7» դերասանական ստուդիայի բացումը, ձևավորվեց մի լավ թիմ և սկսեցինք ընդհանուր երազանքի իրականացման աշխատանքները: Երբ արդեն հնարավորություն եղավ որոշակի գումար վաստակել, կարողացանք պրոֆեսիոնալ կինոտեխնիկա ձեռք բերել:
Ես համարում եմ, որ թվային տեխնիկան իսկական փրկություն էր, հատկապես, երիատասարդ կինոգործիչների համար, քանի որ ոչ խոշոր գումարներով կարողանում են ստանալ գրեթե կինոժապավենին համապատասխան որակ:

Ժամանակակից հայկական կինոյի մասին ի՞նչ կարծիք ունեք: Որո՞նք են գլխավոր թերությունները:

Գլխավոր թերությունները համարում եմ ճաշակի բացակայությունը և փորձի պակասը: Նաև լավ սցենարի խնդիր ունենք: Կամ լավ սցենարիստները ստվերում են, կամ նրանց հնարավորոթյուն չեն տալիս աչքի ընկնելու: Սակայն հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կլրացվի այդ բացը: Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից հայկական կինոյի մասին իմ կարծիքին կարող եմ ասել, որ փոքրիկ առաջընթաց կա:

Խոշոր նախագծի մասին խոսեցիք: Կմանրամասնե՞ք:

Մեծ հաճույքով, բայց ոչ շատ: Խոսքը «Չներվածները» գեղարվեստական ֆիլմի մասին է, որը բազմաժանր է և դա կարևոր չափանիշ է ժամանակակից կինոյի համար: Մեր ֆիլմը դրամա, կրիմինալ, էքշն և գումարած սիրո պատմության գիծը, որը ֆիլմում առանցքային դեր է խաղում: Առծարծվում է թրաֆիքինգի թեման: Այն հանցախումբը, որի դեմ պայքարում է գլխավոր հերոսը, զբաղվում է հայ երիտասարդ աղջիկներին բռնի ուժով մատակարարելով Թուրքիա և արաբական երկրներ: Այս պահին ընթանում են մոնտաժային աշխատանքներ: Կարծում եմ բավական լարված սյուժե է: Ինքս հանդիսանում եմ ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր և գլխավոր դերակատար: