Բազմամիլլիոնանոց արաբական աշխարհում ճանաչում ունեցող երիտասարդ երգիչ Ափիկ Արոյանն արդեն իսկ ապրում և աշխատում է Հայաստանում: YerevanNews.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ և պարզեց մի քանի հարցերի պատասխաներ:
Հանրաճանաչ երգիչը միակն է ամբողջ արաբական շոու բիզնեսում, ով երբեք չի փոխել իր հայկական անուն-ազգանունը՝ հաշվի չառնելով նույնիսկ այն, որ ծնվել և մեծացել է Հալեպում: Տաղանդաշատ երգիչը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է բազմաթիվ երկրներում հանդես գալ ինչպես անհատապես, այնպես էլ ոչ միայն արաբական աշխարհում մեծ հռչակ ունեցող երգիչների և երաժիշտների հետ, որոնց թվում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Վենդետտան:
Ափիկ Արոյանն իրավամբ համարվում է հանրաճանաչ, սիրված և կայացած երգիչ արաբական շոու բիզնեսում: Դրա վառ ապացույցներից մեկն Ափիկի ելույթն էր Լիբանանում կայացած «Միսս 2010» մրցույթի ժամանակ, որի բացման երգը բաժին էր հասել հենց մեր հայրենակցին:
Ափիկ Արոյանն իր երգերով բազմիցս հանդես է եկել նաև Երևանի տարբեր բեմերում՝ գերելով հայ հանդիսատեսին իր յուրահատուկ ձայնով և երգելաոճով: Երիտասարդ կատարողը նաև համագործակցում է հայկական երգարվեստում սիրված ու կայացած երգահանների և կոմպոզիտորների հետ, որի արդյունքում ստեղծվել են մի քանի գեղեցիկ երգեր, որոնք Ափիկ Արոյանը կատարում է հայերեն: Իսկ արաբերեն երգերն ու տեսահոլովակներն արդեն վաղուց ապահովել են մեծաքանակ լսումներ և դիտումներ համացանցի տարբեր կայքերում:
Սիրիահայ երգիչը համագործակցում է նաև դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի հետ, ում շնորհիվ մշտապես հանդես է գալիս նորաձև հագուստներով և ուրույն ոճով: