Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում բազմաթիվ մարդիկ, հասարակական կազմակերպություններ և դեմքեր փորձում են իրենց մասնակցությունն ունենալ ազգանվեր գործին: Այսպիսի նպատակ է հետապնդում նաև «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող հեծանվարշավ-ուխտագնացությունը: Այս առիթով YerevanNews.am-ը զրուցեց ՀԿ-ի նախագահ Արման Այվազյանի հետ:

Պրն. Այվազյան, կմանրամասնեք ի՞նչ միջոցառում է նախաձեռնել կազմակերպել «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ն և ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

- Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի կապակցությամբ «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է հեծանվարշավ-ուխտագնացություն՝ նպատակ ունենալով մարդկության հիշողության մեջ ևս մեկ անգամ ամրագրել պատմական իրողությունը՝ դատապարտելով և ոչ ասելով աշխարհում նորանոր ցեղասպանությունների իրագործմանը:

Ի՞նչ ընթացք է ունենալու հեծանվաարշավ-ուխտագնացություն և ի՞նչ արդյունք է ակնկալվում:

- Արշավը սկսվելու է Ծիծեռնակիաբերդի հուշահամալիրից, ապրիլի 12-ին ժամը 9:00-ին, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ կդնեն ցեղասպանության հուշահամալիրում, որից հետո 9:30, մեր կողմից կտրվի մեկնարկ և հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով կշարժվեն դեպի Մայր Աթոռ սբ. Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ուխտագնացության ավարտին կընթերցվի երկու նամակ տարբեր բովանդակություններով, որոնցից մեկը հասցեագրված է ցեղասպանությունը ընդունած պետություններին՝ շնորհակալության, իսկ մյուսը՝ ցեղասպանությունը չընդունած պետություններին՝ ցեղասպանության փաստը ընդունելու և համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու ուղերձով:

Հաջորդ օրը նամակները մեր կազմակերպության անդամները կհանձնեն համապատասխան դեսպանատներ:

Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել ուխտագնացությանը:

- Ուխտագնացությանը միացել են սպորտային տարբեր ֆեդերացիաներ և կազմակերպություններ, սիրողական և մասնագիտական հեծանվասպորտի ֆեդերացիաները և մարզադպրոցները, ուսանողական մարզական ֆեդերացիան, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան, «Աշխատանքային Ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ և այլ անհատ հեծանվորդներ: 

Ուխտագնացությանը միանալու գործընթացը շարունակվում է և նրանք ովքեր ունեն հեծանիվ կարող են մասնակցել նախապես զանգահարելով 093.00.27.82 հեռախոսահամարին գրանցվելու նպատակով:

Ովքե՞ր են աջակցում միջոցառման կազմակերպմանը:

- Միջոցառմանը մասնակցության և աջակցության համար կազմակերպությունը դիմել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ պաշտպանության նախարարություններին և ստացել համաձայնություն, իսկ անվտանգ երթևեկության ապահովման և մասնակցության համար նաև ՀՀ ոստիկանությանը:

Կցանկանա՞ք ինչ-որ բան ասել որպես վերջաբան: 

- Առաջարկում եմ ևս մեկ անգամ համախմբվել և ոչ ասել պատմական անարդարությանը, մեր ձայնը հասանելի դարձնել բոլոր այն պետություններին ովքեր դեռ չեն ընդունել Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության փաստը և կոչ եմ անում բոլոր նրանց ովքեր ունեն հեծանվարշավ-ուխտագնացությանը մասնակցելու հնարավորություն սույն թվականի ապրիլի 12-ին, առավոտյան 9:00 միանալ մեզ ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: