Այսօր ապրիլի 1-ն է՝ ծիծաղի և հումորի միջազգային օրը: Այսօր մարդիկ կատակում և ուրախացնում են իրենց ընկերներին, բարեկամներին և հարազատներին:
«Սա սուտ ասելու օր չէ, սա ծիծաղի օր է: Մարդիկ գիտեն, թե խաբելու օրն է, բայց դա արվում է բացահայտելուց հետո ծիծաղելու համար, որպեսզի ծիծաղի վերածվի այդ խաբկանքը»,- այսպես բնութագրեց ապրիլի 1-ը սիրված հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանը YerevanNews.am-ի հետ զրույցում:
Աշոտ Ղազարյանը նաև շնորհավորական խոսք հղեց տոնի կապակցությամբ ամբողջ հայ հասարակությանը. «Ես ցանկանում եմ, որ ժողովուդը ոչ թե միայն այդ օրը ծիծաղի, այլ ամբողջ տարին ուրախանա, անհոգ լինի, արցունք չլինի, վիշտ չտեսնի, դարդ չտեսնի, իսկ տեսնելու դեպքում՝ միայն ժամանակին...ոչ մի երիտասարդի թող դժբախտություն չպատահի: Ուրախ լինեն մարդիկ, ծիծաղ լինի դեմքներին, աշխատանք ունենան, անհոգ ապրեն, վայելեն և վայելեն բոլորը»:
Պրն. Ղազարյան, կարո՞ղ եք պատմել Ձեր կողմից արված ամենահիշվող ապրիլմեկյան կատակը:
- Դե հիշում եք, ես անեկդոտներ էի նկարում, իմիջայլոց, առաջիններից մեկը: Մի տարի ես որոշեցի այսօրվա կապակցությամբ կազմակերպել ապրիլմեկյան երեկո: Ուրեմն, դուրս եկա շնորհավորեցի, բացումը արեցի, որից հետո բեմում ցուցադրվում էր որևէ անեկդոտ՝ արդեն նկարահանած: Վերջում բեմ էր բարձրանում ցուցադրվող սկետչի հերոսը, ենթադրենք Արամոն, իր հերթին ողջունում էր, շնորհավորում, պատմում որևէ հումորային պատմություն կամ երգում, պարում ուրախանում և հեռանում: Այսպես հաջորդը, երրորդը, չորրորդ, հինգերորդը և այլն:
Մասնակցում էր նաև Էջմիածնի ճանապարհին ոչխար վաճառող Մստո անունով մեկը: Մստոյի մասնակցությամբ կատակը ցուցադրվեց էկրանին...Մստոյին ես նախապես ասել էի. «որ գաս հետդ փոքր գառ կբերես ու կասես՝ Ղազարյան ջան քեզ բոլորը մեդալ են տալիս, կոչումներ են տալիս, իսկ ես քեզ գառ եմ բերել: Եկավ Մստոն...գառը ձեռքին դուրս եկավ, ժողովուրդը ուրախացավ, ծիծաղեց, բոլորը ծափահարեցին և ինչ որ պայմանավորվել էինք ասաց: Գառի վրա կարմիր ժապավեն էր կապել, հարսի նման զուգել ու բերել: Չնայած, որ սրտանց նվեր էր, սակայն ես հրաժարվեցի:
Այս երեկոյից մեկ շաբաթ անց ընկերներիցս մեկը պատմում է, որ այդ գառը Մստոն վաճառում էր 100 դոլարով 30-ի փոխարեն՝ պատճառաբանելով. «Էս Աշոտ Ղազարյանի հետ ելույթ ա ունեցել»:
YerevanNews.am-ը միանում է սիրված հումորիստի շնորհավորանքներին ևս մեկ անգամ հիշեցնելով՝ այսօր սուտ ասելու օրը չէ, այլ ծիծաղի օրն է: