«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հարցազրույցը.
- Եվս մի քանի օր՝ և ամբողջ աշխարհի հայությունը և ազնիվ ու առաջադեմ մարդիկ կոգեկոչեն 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրենց պատմական հայրենիքում սպանված միլիոնուկես հայերի հիշատակը: Ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի, վաղ թե ուշ առերեսվում է իր ժողովրդի պատմության թերևս ամենաողբերգական դրվագի՝ Ցեղասպանության հետ: Ու եթե անգամ Ցեղասպանություն վերապրածների շառավիղ չէ, միևնույն է, արյան, գենի հիշողության մեջ կրում է Եղեռնի ցավն ու սարսափը…Դուք առաջին անգամ ե՞րբ լսեցիք Ցեղասպանության մասին:
- Առաջին անգամ յաթաղան բառը լսել եմ 8 տարեկանում: Մեր բակի տաղավարում մամիկներն ու պապիկները հաճախ հավաքվում-զրուցում էին: Նրանց մեջ մի տատիկ կար, նա նման չէր մյուսներին: Այսօրվա պես հիշում եմ. ճերմակ մազերը փոքրիկ դարչնագույն սանրով հավաքած՝ նստում էր մեկուսի, բոլորից հեռու ու մրմնջում էր քթի տակ, երգում էր շշուկով: Ինչ-որ անսովոր,առեղծվածային բան կար այդ կնոջ մեջ: …Մի գեղեցիկ, արևոտ օր ես բակ իջա ընկերներիս հետ խաղալու: Ընկերներս բակում չէին, բայց տատիկը սովորականի պես նստած էր նստարանին: Ես մոտեցա ու պարզեցի ափս, որտեղ ընկերներիս համար բերված կոնֆետներ կային. Մամիկի աչքերը ջերմացան, դեմքին ժպիտ թրթռաց….Ու սկսեց ինչ-որ բան պատմել: Թեև ես չէի հասկանում նրա արևմտահայերենը, բայց մի բառ անջնջելիորեն դաջվեց հիշողությանս մեջ՝ յաթաղանը… Յաթաղանը խփեց՝ ասաց տատիկը ու բարձրացնելով փեշը՝ ցույց տվեց ոտքի` վերից վար ձգվող հաստ, ծռմռված սպին: Մինչև հիմա սարսռում եմ այդ տեսարանը հիշելիս…. Յաթաղան բառը մնաց իմ գիտակցության մեջ, իմ հուզաշխարհում՝ որպես ցավի, չարիքի, ողբերգության խորհրդանիշ:
- Ամեն հայի կյանքում մի դիպված, մի թրթիռ, մի կանչ հրում-արթնացնում է արյան հիշողությունն, ու սկսվում է անցյալի ցավագին փնտրտուքը:
- Իմը սկսվեց 8 տարեկանից, ինձ հետ հասակ առավ: Իմ պոեզիան «Անլռելի զանգակատունն» էր, իմ հոգու երգը՝ «Կռունկը», «Դլե Յամանը», իմ հերոսը՝ Ձորի Միրոն: Երբեք մտքովս չէր անցնի, որ տասնյակ տարիներ անց երեքամյա որդիս իր փոքրիկ, փխրուն սրտում կկրի նույն ցավը: …Մուշեղս երեք տարեկան էր այդ ժամանակ: Ձեռքը դրեց հոր ոտքին ու հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ է այդպես….Մենք անակնկալի եկանք:
- Ինչո՞ւ: Երեխան պիտի մի օր հարցներ:
- Մի օր, բայց ոչ այդքան փոքր տարիքում, որ չկարողանաս հարմար բառեր գտնել: Ես ասացի, որ կա մի հրաշալի Արցախ աշխարհ, որտեղ բարի և քաջ մարդիկ են ապրում: Մի օր չար մարդիկ եկան ու ցանկացան խլել արցախցիների հայրենիքը, տունը, ունեցվածքը, սպանել ծերերին, կանանց, երեխաներին; Հայրիկը զենք վերցրեց, կռվեց թշնամու դեմ, պաշտպանեց արցախցիներին ու հաղթեց թշնամուն: Եվ ահա այդ կռվի ժամանակ…
- Ո՞վ է թշնամին,- հարցրեց Մուշեղը: Ես հասկացա, որ ինչքան էլ ցանկանամ խնայել փոքրիկ տղայիս,պիտի արտաբերեմ թուրք բառը: Ակամա աչքերիս առաջ նկարվեցին Ադանայից մինչև Շուշի, Դեր Զորից մինչև Գանձասար Ցավի ու Ցնծության, Կորստի ու Հաղթության պատկերները…Իսկ Մուշեղս նայում էր հարցական ու պատասխանի էր սպասում:….Ու ես փոխանցեցի որդուս այն ծանր Խաչը, որ հայի յուրաքանչյուր սերունդ պիտի կրի հոժարակամ՝ իբրև ազգային պատվախնդրության, նախնիների հիշատակի հանդեպ խոնարհումի, հայրենասիրության ու խիզախության խորհրդանիշ… Մուշեղը նստեց անկողնում (հուզմունքից քրտնել էր) ու ասաց՝ պապ, ես կգնամ Արցախ ու ոտքդ հետ կբերեմ… Երեխան ալեկոծված էր: Հայրը փորձեց հանգստացնել.
- Դու պիտի մեծանաս, դպրոց գնաս, շատ լավ սովորես…Հետո զինվոր կդառնաս, զենք կունենաս ու կպաշտպանես հայրենիքը..
- Ես զենք ունեմ, – ասաց Մուշեղը: Վազելով գնաց ու զենքը, որ պլաստմասայից մանկական թուր էր, վեր պարզած ներս մտավ… Դա տղայիս առաջին «հանդիպումն» էր թուրքերի հետ ու բոլորովին նման չէր իմ «յաթաղանին», իմ սերնդի ներփակ ու անզոր տվայտանքին…Ես հասկացա, որ ի տարբերություն իմ սերնդակիցների, տղաս դարձավ ոչ միայն մեր համազգային Ցավի, այլև մեր դարավերջյան պայքարի ու հաղթանակի ժառանգորդը:
- Ասում եք՝ Ձեր հոգու երգը «Կռունկն», էր, իսկ Մուշեղը, դեռ երեխա, երգում է՝ ծովից ծով Հայաստանը հետ բերելու մասին, Ձեր հերոսը Ձորի Միրոն էր, իսկ Մուշեղի հերոսը իր հայրն է՝ ոչ թե տուն-հայրենիք կորցրած, այլ հող ազատագրած, հաղթած զինվորականը: Ի դեպ, Ձեր նկարներից մեկում Դուք զինվորականի համազգեստով եք: Դա ո՞ր ժամանակների նկար է, արդեն ամուսնացա՞ծ էիք Սեյրան Օհանյանի հետ:
- Ոչ: 1995 թվականն է: Բժիշկների փոքրիկ խմբի հետ՝ պատերազմով անցած, գնդակոծության հետքերը վրան, ուղղաթիռով մեկնեցինք Հորադիզ, որ օգնենք հիվանդ զինվորներին և ազատամարտիկներին: Պատերազմը նոր էր ավարտվել, ամենուր ավերակներ էին, բայց այնպիսի ուժ, վեհություն ու հավատ կար արցախցու և սահման պահող զինվորի հոգում: Ես միշտ էլ առանձնահատուկ սեր եմ ունեցել հղի կանանց,ազատամարտիկների, զինվորների ու երեխաների հանդեպ: Միշտ անվճար եմ բժշկել նրանց, ծառայել եմ՝ որպես հոգու պարտք: Սա գենի անիմանալի հիշողությամբ ինձ պատգամել են եղեռնի ժամանակ այդպես էլ չմայրացած հայ հարսները, զինվոր չդարձած տղաները… Ես Արցախից վերադարձա ավելի հզոր, հուսավառ, հերոսացած…
- Ու սկսեցիք փնտրել Ձեր հերոսին…
- Մի դեպք հիշեցի: Փարիզում ծանոթներիցս մեկը ասաց, որ Շահին Մարաշլի անունով մի հայորդին, ուզում է տեսնել ինձ…շատ է խնդրում…: Թեև տղան անծանոթ էր, բայց համաձայնեցի լսել նրան: Նույնիսկ հայերեն չգիտեր, խոսում էր թուրքերեն և ֆրանսերեն…. Ու արցունքն աչքերին խնդրում էր, որ Սեյրան Օհանյանը դառնա իր հարսանիքի քավորը: Նրա պապը եղեռնի ժամանակ կորցրել էր բոլոր հարազատներին և հրաշքով կենդանի էր մնացել, հետո ապաստան էր գտել տեղաբնակներից մեկի տանը, որոնք էլ մարաշցի երեխային Մարաշլի ազգանունն էին տվել: Եվ ահա եղեռնից 100 տարի անց նրա թոռը՝ Շահին Մարաշլին, ինձ ասաց. «Սեյրան Օհանյանը լուծեց պապերիս վրեժը, իմ մորթված ընտանիքի վրեժը առավ թուրքից: Սեյրան Օհանյանն իմ հերոսն է»: Շահին Մարաշլին պսակվեց Հայաստանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցում…
- Արցախի հերոս Սեյրան Օհանյանի քավորությամբ… Սա արդեն մե՛ր կերտած պատմությունն է… այսօրվա՛ հայի:
- Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք, որովհետև սա Հարյուրամյա Ցավի պատմություն է՝ յաթաղանից մինչև որդուս մերկացրած թուրը…
Հարցազրույցը Գայանե Պողոսյանի