108-ամյա Մարիամ Գրիգորյանը Հայաստանի տարածքում ցեղասպանությունը վերապրած ամենատարեց երկարակյացներից մեկն է, ով 112 թոռ, ծոռ, նույնիսկ թոռան թոռ է հասցրել ունենալ: Մարիամ տատը ծնվել է 1907 թվականին Թուրքիայի Միդյաթ գյուղաքաղաքում, 1929 թվականին գաղթել են Սիրիա, 1947 թվականից վերջնականապես բնակություն են հաստատել Հայաստանում: Հիմա ապրում է Վանաշենում: Ցեղասպանությունը վերապրած Մարիամ տատիկը պատմեց իր դառը հիշողություններից:
Վեց տարեկանում Մարիամ տատը որբացել է ութ եղբայրների հետ, նրանց հետ է ապրել: Նրա հորը թուրքերը բռնել են, մի քանի օր ձերբակալած են պահել: Վերջինս շատ թուրք է կոտորել, վերադառնալով փնտրել է կնոջը, բայց չի գտել և տեղեկացել է, որ թուրքերը դանակով հարվածներ են հասցրել նրան՝ ասելով, որ այդ աչքերը պետք է չմնան: Թուրքերը կնոջ դեմքին հարվածելուց հետո քար են վրան դրել և գնացել են, հետո պարզվել է, որ կենդանի է մնացել, դրանից հետո Մարիամ տատիկի մայրն ապրել է, նույնիսկ երեխա է ունեցել, բայց թե՛ հայրը, թե՛ մայրը երկար չեն ապրել: Մարիամ Տատի դուստրը Խաթունը պատմեց, որ տատու տղաներից մեկին գրկում սպանել են, մյուս երեխաներին տարբեր մարդիկ վերցրել պահել են: Այդ երեխաներից մեկն էլ հենց Մարիամ տատն է եղել, ով 14 տարեկանում ամուսնացել է Թուրքիայի Բասորք քաղաքում ծնված Գասպարի հետ: Խաթունն անկեղծացավ այն մասին, որ թեպետ շատ լավ է, որ մշտական բնակություն են հաստատել Հայաստանում, բայց հայրը, մորը Հայաստան բերելով, կտրել է հարազատներից:
Մարիամ տատիկը թեև 7 զավակ է կորցրել, այնուամենայնիվ, հարուստ գերդաստան ունի: Նրա ընտանիքը Մադյաթի եզակի քրիստոնյա ընտանիքներից է եղել:
«Չէինք կարողանում ապրել, թուրքերը չէին թողնում, կողպում էին դռները, որ վանք չգնայինք, լեզու չսովորեինք, մենք շատ դարդ տեսանք...»,- ասում է նա և աղոթում. աղոթքները Մարիամ տատին ուժ են տալիս: Գոհ է իր ապրած կյանքից ու բախտից, գոհանում է իր զավակներով ու հարազատներով, երջանիկ է, որ այս տարիքում էլ ոտքի վրա է, կարողանում է, բացի հարևաններին այցելելուց, ինքնուրույն վանք գնալ, փառք տալ Աստծուն իրեն տրված ամեն օրվա համար: Իսկ արաբերեն լեզվով ավետարանը միշտ իր կողքին է պահում, այն մորից ժառանգած ամենաարժեքավոր իրն է, որը մի կերպ է փրկել՝ Թուրքիայից բերելով իր հետ Հայաստան: Բողոքում է, որ Հայաստանում այսօր քիչ են հաճախում եկեղեցի։ Իրեն այցելողներին տատն օրհնում է, երկար կյանք մաղթում ու տերունական աղոթք ասում արաբերեն։
Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան