Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպվել է բացօթյա ցուցադրություն, որի առանցքը մեծ բանաստեղծն է, 1915 թ. կոչված նաև որպես՝ Ամենայն Հայոց որբերի հայրիկ:

Կոտորածից հետո բազմաթիվ մանուկներ հասան Թումանյանին, փարվեցին նրան, բայց շատ որբուկներ, ովքեր այդպես էլ գաղթի ճանապարհը, քաղցն ու հոգնությունը չհաղթահարեցին, անապատներում, փոշիների մեջ մահացան՝ հիվանդություններից, ցավից, վիրավոր ոտքերից: Փոխարենը նրանց պատառոտված կոշիկները հասան Հովհաննես Թումանյանի թանգարան, որոնց խորհրդանիշն այն բալիկներն են, ովքեր չեն հասնում Էջմիածին:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ Թումանյանն այդ օրերին արեց հնարավոր և անհնարին ամեն բան այն բալիկների համար, որոնք մազապուրծ, ոտքով հսկայական կիլոմետրեր մի կերպ հաղթահարելով՝ հասել էին Արևելյան Հայաստան. «Մենք մտածում էինք՝ ինչպե՞ս ներկայացնել այս ամենը, քանի որ շատ հուզիչ թեմա է և չէինք ցանկանում անել հերթական մի միջոցառում: Մեզ պետք էր ցույց տալ Թումանյանի մարդասիրական գործունեությունը և բացահայտել նրան նաև այս առումով››:

Թանգարան տանող 54 աստիճանները, տնօրենի խոսքով, վերածվել են մի յուրօրինակ գրքի, ամեն աստճանի վրա մի գրություն է փակցված, որոնք 1915 թ. Թումանյանի Հայաստան այցելության ժամանակ արված նոթագրություններն են. ժամանակի սղության պատճառով նա հասցնում էր միայն նոթատետրերում որոշ գրառումներ անել հաճախ բալիկների բերանացի արված խոսքերից և մտադրություն ուներ հետագայում վերհիշել այդ ամենն ու մի ամբողջ աշխատություն գրել, բայց չհասցրեց: Նարինե Թոխիկյանն կարծում է, որ միգուցե սիրտ էլ չուներ գրելու, այդ ժամանակ նաև որդին էր մահացել, և նոթերը մնացին միայն իբրև նոթեր:

Մինչև թանգարանի մուտքի դռները տեղադրված է մի մեծ պաստառ, որի վրա գրված է՝ «Հայ ժողովրդի արդար դատի համար ոչինչ հարկավոր չէ, բացի ճշմարտությունից»: Սա գրողի հոդվածներից մեկից է վերցված: Գրությունը 9 տարբեր լեզուներով է ներկայացված, այդ թվում նաև թուրքերենով (վերջին գրությամբ). հայերենից հետո առաջին լեզուն իտալերենն է՝ ի երախտագիտություն Հռոմի պապի, ով վերջերս Վատիկանում պատարագի ժամանակ Ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես եկավ: Ամբողջ շենքը պատված է Էջմիածին հասած երեխաների լուսանկարների ժապավեններով:

Հովհ. Թումանյանի թանգարանի ներսում ցեղասպանության մասին պատմող հատվածում ներկայացված է նաև նոր տեխնոլոգիաների գործադրմամբ լուսանկարչական փոքրիկ անիմացիոն ցուցադրություն: Թանգարանի տնօրենի խոսքով՝ փոքրիկ, շատ հուզիչ ու տպավորիչ լուծում է արված. էկրանի վրա ցուցադրվում են Էջմիածնի որբուկների նկարները: Դրանք թերթվում են թաթիկներով, որոնք հայտնվում ու անհետանում են և խորհրդանշում են օգնություն, ջերմություն, գուրգուրանք հայցող մանուկների թաթիկները, և օգնություն տվող ձեռքերը: Հայցող և տվող թաթիկների խորհրդանիշն է:

Թանգարանի աշխատակիցներից Անին ցույց տվեց և պատմեց Թումանյանին ուղղված նամակների, խնդագրերի մասին, որոնք բովանդակում են ամենատարբեր ու չնչին խնդրանքներ՝ հագուստ, սնունդ,անհրաժեշտ պարագաներ: Հետաքրքրական է, որ գրությունների մեծ մասը նույն ձեռագրով է արված: Աշխատակիցը մեկնաբանում է, որ, ըստ էության, երեխաները սիրտ չեն ունեցել գրելու, խնդրել են խնամակալներին, որ գրեն իրենց փոխարեն:

Պարզվում է, որ Թումանյանը ցուցակագրել է, թե Արևմտյան Հայաստանի որ գավառից են եկել երեխաները, որ խմբերում քանի հոգի կա, կամ մեկ հոգուն որքան ջուր, սնունդ է հարկավոր ամեն օրվա համար, որպեսզի դա բավարար լինի նրա առողջության համար:
‹‹1915 թ. գարնանը Թումանյանը եղավ Արևմտյան Հայաստանում և ականատեսի աչքերով տեսավ այն ամենն ինչ կատարվում է և իր մեջ մեծ ուժ գտնելով՝ ուղևորվեց Էջմիածին իր օժանդակությունն ունենալու համար, քանի որ իր աչքի առաջ մանուկներն էին՝ վաղվա ապագա սերնդի ներկայացուցիչները: Նա նաև հիվանդանոցներ բացեց, երեխաների շրջանում կազմակերպեց հայագիտական տարբեր խաղեր, որի հաղթոները կարող էին հյուրասիրվել Թումանյանի տանը, մանուկների համար դա կյանքի կարևորագույն իրադարձություն էր: Շատերը հուշերում նշում են, որ ձմերուկը, սեխը հենց Թումանյանի տանն են առաջին անգամ համտեսել, որի համն իրենց համար երբեք չկրկնվող ու աննկարագրելի համեղ է եղել››,- պատմեց թանգարանի աշխատակցուհին ու ավելացրեց, որ ուտելու անհագ ցանկությունից երեխաները հաճախ ստամոքսային խնդիրներ էին ունենում, այդ պատճառով Թումանյանը որոշել էր գիշերները ամեն երեխայի մահճակալի կողքին իր չափաբաժնով ափսեներ դնել, որպեսզի արթնանալուն պես ուտեին:

Հետաքրքրական են այն վկայությունները, ըստ որի, սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով՝ աղջիկների մազերը կտրում էին, նրանք դա ծանր էին տանում, ասում էին՝ հագուստս կտամ, ամեն ինչ կտամ, միայն մի կտրեք մազերս:

Խնամակալները մի անգամ Թումանյանին ասել են, թե երեխաները շատ չարաճճի, ակտիվ են դարձել, նրա դեմքին հայտնվել է իրեն բնորոշ պայծառ ժպիտը, ուրախացացել է ու ասել, որ վերադարձրեց փոքրիկներին իրենց չարաճճի մանկությունը, և բնականը հենց դա է, որ երեխան պետք է չարաճճի լինի:

Նյութի հեղինակ՝ Նելլի Թադևոսյան