Մեր հոգին թունավորող կործանարար թույնը նախանձն է (Հ. Ֆիլդինգ):
Մարդկային կրքերից ամենահինը և մահացու յոթ մեղքերից մեկը նախանձն է։ Այդ կիրքը մթագնում է գիտակցությունը, խլում է հոգեկան ուժերն ու ներքին դրական էներգիան, սպանում է ամենահին ընկերությունն անգամ։ Այն ուղղված է նրան՝ ինչից զրկված ենք, իսկ ունենալ միաժամանակ ամեն ինչ չենք կարող։ Միշտ էլ լավից լավը կա, գեղեցիկից՝ գեղեցիկը, հարուստից՝ հարուստը։ Միշտ հասանելիի շրջանակում կգտնվի մեկը, որը ունի ավելին, ավելի գեղեցիկ է, ավելի հզոր, հաջողակ կամ հարուստ։
Նախանձի հոգեբանությունը հետևյալն է․ մարդը նախանձում է իր համար բարձր արժեք ներկայացնող և ժամանակի այդ ինտերվալում իրեն անհասանելի որևէ մարդկային որակի, իրեղեն կամ նյութական արժեքի, կարողության, գեղեցկության։ Նախանձը առաջանում է նաև այն մարդկանց մոտ, որոնք մանկուց հակված են մրցակցության։ Նպատակների և երազանքների չափավորումը, դրանք սեփական ներուժին և ռեսուրսներին համապատասխանեցումը, դրանց հասնելու և իրականացնելուն միտված ակտիվ գործունեությունը կվերացնի նախանձի առարկայի առկայությունը (ժամանակ չթողնելով նախանձից այրվելուն)։
Շատերին էլ ուրիշների հաջողությունները զայրացնում են այն պարզ պատճառով, որ իրենք էլ չգիտեն թե իրենք ինչ են ուզում այս կյանքից։ Ոմանք էլ անգործությունից և սեփական անզորությունից չարանում և նախանձում են ամենքին և ամեն ինչին։ Ոմանց մոտ էլ նախանձը կայուն բնավորության գիծ է դարձել ժամանակի ընթացքում։
Երբեմն էլ, մեր ավելորդ ցուցամոլության արդյունքում, ինքներս ենք դառնում նախանձի առարկա։ Միամտորեն մտածում․ ուրեմն ունեմ արժանիքներ, որ ինձ նախանձում են։ Բայց միշտ պետք է հիշել իրական արիստոկրատիայի իսկապես հարուստ կերպարը, վարքի ոճը և վարվելակերպը՝ զսպվածություն, ճչացող իրերի բացակայություն հագուստում և կենցաղում, ոչինչ՝ ինչը կարող է հարվածել մյուսների ինքնասիրությանը։
Փորձեք անկեղծորեն ուրախանալ ուրիշների հաջողությամբ և այն ձեզ էլ կայցելի․․․
Հեղինակ Լուսինե Մանասյան
Աղբյուրը YerevanNews.am