Հուլիսի 14-28-ը ՆՓԱԿ-ում ցուցադրվելու են «Հանդիպել մեջտեղում» նախագծի շրջանակներում նկարահանված ֆիլմերը:
Սասկաչևան գոթիկը ներկայացնում է 2014-2016 թթ. Կանադայի Սասկաչևան նահանգի մայրաքաղաք Ռիջայնայում տեղի ունեցող «Հանդիպել մեջտեղում» ավելի մեծ տևական ցուցահանդեսի 5-րդ կայանը՝ «Միգրացիայի կայաններ և արվեստի ու ֆիլմի միջև հիշողություն»։
«Հանդիպել մեջտեղում»-ը ենթադրում է «ճանապարհային կայանների» շարք, որոնք կապված են համաշխարհային միգրացիայի պատմական և ժամանակակից դինամիկայի հիմքում ընկած ընդհանուր մտահոգություններով, հիշողությամբ և տրավմայով, որոնք հնարավորություն են տալիս արվեստագետներին և լսարաններին հանդիպել, խաչվել, արտացոլել, տեղակայել և տեղափոխել իրենք իրենց այս փորձառնություններին համապատասխան: «Հանդիպել մեջտեղում» տևական նախագիծը գլխավորող արվեստագետներն են Ատոմ Էգոյանը (Կանադա), Բըրնի Հին (Կանադա), Շիրին Նեշատը (ԱՄՆ), Ջերալդ Սաուլը (Կանադա) և Մկրտիչ Տոնոյանը (Հայաստան):
Yerevannews.am-ը հուլիսի 14-ին ներկա գտնվեց միջոցառման բացման ֆիլմերի ցուցադրությանը՝ նախապես զրուցելով նախագծի Կանադայից ժամանած կանադացի ներկայացուցիչների հետ:
«Երևանում իրականացվող այս նախագիծը մեծ նախագծի ընդամենը մի փոքր մասն է, որի նպատակն է վերցնել հայկական ֆիլմարվեստի լավագույն կողմերը և տեղափոխել Կանադա: Մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ հայ հանճարեղ կինոռեժիսոր և մեծ արվեստագետ Ս. Փարաջանովի գլուխգործոցներին, այցելել ենք նրա տուն-թանգարան, նաև բազմաթիվ երիտասարդ կինոգործիչների և նրանց աշխատանքների հետ ենք ծանոթացել, մասնակցել ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի դիտումներին:
Ինքս շատ հավանել եմ հայ կինոռեժիսոր Հակոբյանի ֆիլմը:
Մեկ այլ կազմակերպիչ նշեց, որ նախատեսում են այլ երկրների կինոգործիչների հետ մեկտեղ համագործակցել նաև հայ կինոգործիչների հետ, կատարել մասնագիտական գիտելիքների փոխանակում և շփման լայն եզրեր ապահովել:
Մեր թիմի կուրատորական կազմի առաջնային նպատակը հենց այն է, որ մանրամասն ուսումնասիրենք տեղի երիտասարդ կինոգործիչների աշխատանքները, ընտրենք լավագույներին և միասին աշխատելու հնարավորություն ստանանք»:
Միջոցառման բացումն սկսեց կազմակերպիչների խոսքով, ովքեր ներկայացրեցին նախագծի գաղափարն ու նպատակները, այնուհետև սկսվեց կարճամետրաժ ֆիլմերի դիտումը։
Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ օրվա միջոցառումից։