«Մարդիկ ասում են, որ ես չեմ կարող խաղալ 37, 38 կամ 39 տարեկանում: Ես գտնում եմ, որ կարիերան պետք է ավարտել այն ժամանակ, երբ դու այլևս այն չես, ինչ առաջ: Կարծում եմ՝ իմ դեպքում այդպես է: Կխաղամ, քանի դեռ լավ մարզավիճակում եմ: Չեմ ուզում խայտառակել ինձ կարիերայիս վերջում. դա ուղղակի հիմարություն կլիներ: Ես ժամանակին կանգ կառնեմ». Ջանլուիջի Բուֆֆոն:
Քչերը գիտեն, որ Բուֆֆոնն իր կարիերան սկսել է ոչ թե որպես դարպասապահ, այլ որպես կիսապաշտպան՝ «Պերտիկատա» սիրողական ակումբում: 1991 թվականի հունիսի 13-ին՝ 13 տարեկան հասակում, նա գնվեց իտալական «Պարմայի» կողմից և հայտնվեց դարպասում՝ պատահականության հետևանքով:
Այնպես ստացվեց, որ երիտասարդական թիմում, գրեթե միաժամանակ, շարքից դուրս եկան 2 դարպասապահները: Նրանց փոխարինող ոչ ոք չկար: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Բուֆֆոնի վրա և արդեն 2 շաբաթ անց մարզիչները որոշեցին՝ այս տղան թիմի հիմնական դարպասապահը կլինի, քանի որ շատ վստահ է իրականացնում իր պարտականությունները:
Բուֆֆոնին է պատկանում համաշխարհային տրանսֆերային ռեկորդը. 2001 թվականին նա «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենտուս»՝ 52 մլն դոլլարով: Ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո դարպասապահի ավելի թանկ տրանսֆեր տեղի չի ունեցել:
«Յուվենտուսի» կազմում դարպասապահը 8 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (2002, 2003, 2005, 2006, 2012, 2013, 2014, 2015 թվականներին), ինչպես նաև 4 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը (2002, 2003, 2012, 2013 թվականներին) և մեկ անգամ՝ Գավաթը (2015թվականին):
«Ծեր Սինյորայի» երկրպագուները ամենաշատը գնահատում են Բուֆֆոնին այն բանի համար, որ նա չլքեց թիմն այն ժամանակ, երբ կոռուպցիոն սկանդալի պատճառով այն աքսորվեց Սերիա В:
«Յուվենտուսից» այն ժամանակ շատ աստղեր հեռացան՝ Իբրահիմովիչը, Զամբրոտտան, Թյուրամը, Կաննավարոն, սակայն Բուֆֆոնը մնաց: Որպես երախտագիտություն՝ ակումբը իտալական առաջատար թերթերից մեկում գրեց. «Երկրպագուներն ու գործընկերները շնորհակալ են Ջանլուիջի Բուֆֆոնին, որ նա կա և դեռ մնում է համար առաջինը»:
Բուֆֆոնի կարիերայի կարևոր իրադարձություններից մեկը դարձավ 2006 թվականի Աշխարհի առաջնութունը: Այննտեղ դարպասապահն ընդամենը 2 գոլ բաց թողեց՝ Զակկարոյի ինքնագոլը և եզրափակչում Զինեդին Զիդանի՝ 11 մետրանոցից խփած գոլը:
Այդ տարի դարպասապահը Իտալիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: Իսկ մրցակցության ավարտին Յաշինի կողմից պարգևատրվեց առաջնության լավագույն դարպասապահ մրցանակով: