«Մարդիկ ասում են, որ ես չեմ կարող խաղալ 37, 38 կամ 39 տարեկանում: Ես գտնում եմ, որ կարիերան պետք է ավարտել այն ժամանակ, երբ դու  այլևս այն չես, ինչ առաջ: Կարծում եմ՝ իմ դեպքում այդպես է: Կխաղամ, քանի դեռ լավ մարզավիճակում եմ: Չեմ ուզում խայտառակել ինձ կարիերայիս վերջում. դա ուղղակի հիմարություն կլիներ: Ես ժամանակին կանգ կառնեմ». Ջանլուիջի Բուֆֆոն:

Քչերը գիտեն, որ Բուֆֆոնն իր կարիերան սկսել է ոչ թե որպես դարպասապահ, այլ որպես կիսապաշտպան՝ «Պերտիկատա» սիրողական ակումբում: 1991 թվականի հունիսի 13-ին՝ 13 տարեկան հասակում, նա գնվեց իտալական «Պարմայի» կողմից և հայտնվեց դարպասում՝ պատահականության հետևանքով:

Այնպես ստացվեց, որ երիտասարդական թիմում, գրեթե միաժամանակ, շարքից դուրս եկան 2 դարպասապահները: Նրանց փոխարինող ոչ ոք չկար: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Բուֆֆոնի վրա և արդեն 2 շաբաթ անց մարզիչները որոշեցին՝ այս տղան թիմի հիմնական դարպասապահը կլինի, քանի որ շատ վստահ է իրականացնում իր պարտականությունները:

 

 

Բուֆֆոնին է պատկանում համաշխարհային տրանսֆերային ռեկորդը. 2001 թվականին նա «Պարմայից» տեղափոխվեց «Յուվենտուս»՝ 52 մլն դոլլարով: Ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո դարպասապահի ավելի թանկ տրանսֆեր տեղի չի ունեցել:

«Յուվենտուսի» կազմում դարպասապահը 8 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (2002, 2003, 2005, 2006, 2012, 2013, 2014, 2015 թվականներին), ինչպես նաև 4 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը (2002, 2003, 2012, 2013 թվականներին) և մեկ անգամ՝ Գավաթը  (2015թվականին):

 

 

«Ծեր Սինյորայի» երկրպագուները ամենաշատը գնահատում են Բուֆֆոնին այն բանի համար, որ նա չլքեց թիմն այն ժամանակ, երբ կոռուպցիոն սկանդալի պատճառով այն աքսորվեց Սերիա В: 

«Յուվենտուսից» այն ժամանակ շատ աստղեր հեռացան՝ Իբրահիմովիչը, Զամբրոտտան, Թյուրամը, Կաննավարոն, սակայն Բուֆֆոնը մնաց: Որպես երախտագիտություն՝ ակումբը իտալական առաջատար թերթերից մեկում գրեց. «Երկրպագուներն ու գործընկերները շնորհակալ են Ջանլուիջի Բուֆֆոնին, որ նա կա և դեռ մնում է համար առաջինը»:

 

Բուֆֆոնի կարիերայի կարևոր իրադարձություններից մեկը դարձավ 2006 թվականի Աշխարհի առաջնութունը: Այննտեղ դարպասապահն ընդամենը 2 գոլ բաց թողեց՝ Զակկարոյի ինքնագոլը և եզրափակչում Զինեդին Զիդանի՝ 11 մետրանոցից խփած գոլը:

Այդ տարի դարպասապահը Իտալիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: Իսկ մրցակցության ավարտին Յաշինի կողմից պարգևատրվեց առաջնության լավագույն դարպասապահ մրցանակով:

 

 
 
 
 
Բուֆֆոնն ամուսնացած է չեխ մոդել Ալյոնա Շերեդովայի հետ: Նրանք ամուսնացան իրենց ռոմանտիկ հարաբերություններն սկսելուց 3 տարի անց: Պսակադրությունը տեղի ունեցավ 2011 թվականի հունիսի 16-ին: Ունեն 2 երեխա՝ Լուիս Թոմասը և Դեվիդ Լին: