Այսօր տեղի ունեցավ Հայաստանի նախագահի երդման արարողությունը և Սերժ Սարգսյանը ձեռքը դրած Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա երդվեց: Երդմնակալությունից հետո YerevanNews.am-ը զրուցեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակյանի հետ:

 -Պարոն Սահակյան այսօր ի՞նչ օր է Ձեր համար, ՀՀԿ­ի համար:

-Չմասնավորեցնենք որպես կուսակցություն, որովհետև կուսակցությունները միջոց են: Սա  այն ամենակարևորագույն արարողություններից ամենակարևորն է, որը ներկայանալի է դարձնում ամբողջ պետությանը և պետականության նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է:

-Պարոն Սահակյան Ձեզ  չի՞ մտահոգում, որ խորհրդարանական չորս խմբակցություններ չեկան,  չմասնակցեցին նախագահի երդմնակալությանը:

-Ինձ բոլորովին չի  հետաքրքրում, որովհետև պատգամավորների 80 տոկոսից ավելին ներկա էին  և չորս ուժերի մասին խոսք լինել չի կարող: Ընդամենը 17 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 3 խմբակցություններ: Ես նախորդ խոսքումս ասացի, որ կարելի է վիրավորվել ամեն ինչից, բայց սահմանադրական արարողակարգից վիրավորվել, մանավանդ    Հայաստանի պետության համար,  դա  մեզ համար անընդունելի է: Այսինքն՝  մասնակիցները մասնակցում են  ոչ թե  անձի համար, այլ մասնակցում են պետության և պետականության համար :

-Հենց այս պահին  Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը  «Նոր Հայաստանի երդմնակալությունն»  է անցկացնում:

- Դա այս ֆոնի վրա կարծում եմ  արդեն տուն տունիկի է նմանվում, բայց միևնույն ժամանակ մոդելն այդպիսին է, և ընդդիմություն լինի, և իշխանություն լինի: Շատ լավ կլիներ, որ ընդդիմությունը լավ, վերջնական, հիմնավոր ձևավորվի: Մնացածները դրանք կամայականություններ են, որանք ըստ էության, եթե խորանանք  Սահմանադրական կարգի խանգարում է, դրա համար Րաֆֆին  հայտարարեց, որ կարող են իրեն ձերբակալել : Այսինքն՝ միտքը հետևյալն է. ձերբակալման միջոցով հերոսացման ֆոն ստեղծել, բայց միևնույն ժամանակ մենք այդտեղ խնդիր ունենք մեր ժողովրդի առումով և  ես կարծում եմ նաև  խորհուդը հետևյալն էր այսօր, որ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի  ժողովրդի ցանկությունները  ոչ թե հրապարակներում արտահայտության ձև ստանա, այլ իշխանությունները պարտավորվեն խնդիրները լուծեն։

-Իսկ   բանակցությունների դռները դեռ բաց են:

-Մեզ համար միշտ բաց են: Որովհետև մենք  բոլորին մրցակիցներ ենք տեսնում, բայց ոչ հակարակորդներ կամ թշնամիներ:

-Այսօր նշելու ե՞ք այս տոնը:

-Այո, հիմա գնում ենք նշելու:

 

Զրուցեց Տիրայր Մուրադյանը