Այսօր տեղի ունեցավ Հայաստանի նախագահի երդման արարողությունը և Սերժ Սարգսյանը ձեռքը դրած Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա երդվեց: Երդմնակալությունից հետո YerevanNews.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան այսօր ի՞նչ օր է Ձեր համար, ՀՀԿի համար:
-Չմասնավորեցնենք որպես կուսակցություն, որովհետև կուսակցությունները միջոց են: Սա այն ամենակարևորագույն արարողություններից ամենակարևորն է, որը ներկայանալի է դարձնում ամբողջ պետությանը և պետականության նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է:
-Պարոն Սահակյան Ձեզ չի՞ մտահոգում, որ խորհրդարանական չորս խմբակցություններ չեկան, չմասնակցեցին նախագահի երդմնակալությանը:
-Ինձ բոլորովին չի հետաքրքրում, որովհետև պատգամավորների 80 տոկոսից ավելին ներկա էին և չորս ուժերի մասին խոսք լինել չի կարող: Ընդամենը 17 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 3 խմբակցություններ: Ես նախորդ խոսքումս ասացի, որ կարելի է վիրավորվել ամեն ինչից, բայց սահմանադրական արարողակարգից վիրավորվել, մանավանդ Հայաստանի պետության համար, դա մեզ համար անընդունելի է: Այսինքն՝ մասնակիցները մասնակցում են ոչ թե անձի համար, այլ մասնակցում են պետության և պետականության համար :
-Հենց այս պահին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստանի երդմնակալությունն» է անցկացնում:
- Դա այս ֆոնի վրա կարծում եմ արդեն տուն տունիկի է նմանվում, բայց միևնույն ժամանակ մոդելն այդպիսին է, և ընդդիմություն լինի, և իշխանություն լինի: Շատ լավ կլիներ, որ ընդդիմությունը լավ, վերջնական, հիմնավոր ձևավորվի: Մնացածները դրանք կամայականություններ են, որանք ըստ էության, եթե խորանանք Սահմանադրական կարգի խանգարում է, դրա համար Րաֆֆին հայտարարեց, որ կարող են իրեն ձերբակալել : Այսինքն՝ միտքը հետևյալն է. ձերբակալման միջոցով հերոսացման ֆոն ստեղծել, բայց միևնույն ժամանակ մենք այդտեղ խնդիր ունենք մեր ժողովրդի առումով և ես կարծում եմ նաև խորհուդը հետևյալն էր այսօր, որ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ժողովրդի ցանկությունները ոչ թե հրապարակներում արտահայտության ձև ստանա, այլ իշխանությունները պարտավորվեն խնդիրները լուծեն։
-Իսկ բանակցությունների դռները դեռ բաց են:
-Մեզ համար միշտ բաց են: Որովհետև մենք բոլորին մրցակիցներ ենք տեսնում, բայց ոչ հակարակորդներ կամ թշնամիներ:
-Այսօր նշելու ե՞ք այս տոնը:
-Այո, հիմա գնում ենք նշելու:
Զրուցեց Տիրայր Մուրադյանը