Թեժ ամառվա շոգը մարդիկ տարբեր եղանակներով են սիրում անցկացնել: Ոմանք նախընտրում են ծովը, մյուսները լեռներն ու ակտիվ հանգիստը, իսկ մի մասը գերադասում է հետաքրքիր գիրք, ֆիլմ կամ ուղղակի զբոսանք:
Այս թեմայով YerevanNews.am-ը զրուցեց հաղորդավար, շոումեն Եգոր Գլումովի հետ:
- Ամառը սիրում եմ, եթե կողքս ջուր կա կամ ծով...
Ամառվա ընթացքում դեռ նորմալ չեմ հանգստացել և հուսով եմ, որ կհանգստանամ: Ունեմ ծրագրավորած այցելություն դեպի Ռուսաստան՝ Սոչիում տեղի ունեցող փառատոնին պետք է մասնակցեմ, որպես ժյուրի: Հուսով եմ կկարողանամ նաև լողալ ծովում:
Քանի որ, տանը փոքրիկ բալիկ ունենք, այս տարի ընտանիքով չենք կարողանա գնալ ծով և, երևի, կհանգստանանք Արցախում: Մենք ամեն տարի լինում ենք Արցախում և հորդորում ենք բոլորին, յուրաքանչյուր հայի տարին գոնե երկու անգամ այցելել Արցախ:
Եգոր, իսկ Ձեր կարծիքով Հայաստանում կա՞ն վայրեր որտեղ կարելի է լիարժեք հանգիստ վայելել:
- Հայաստանում կան վայրեր, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ:
Իհարկե կան... կան այդպիսի վայրեր, ուղղակի խնդիրը նրանում է, որ ցավոք սրտի այդ վայրերում լիարժեք հանգիստը ահագին թանկ հաճույք է: Երբ դու հասկանում ես, որ այդ գումարով կամ մի չնչին ավել կարելի է օրինակ Եվրոպայում հանգստանալ, ապա...
Իսկ Հայաստանում որտե՞ղ եք սիրում հանգստանալ:
Հայաստանում սիրում եմ հանգստանալ Ենոքավանքում, Ծաղկաձորում...դե բացի Սևանից երևի թե բոլոր տեղերում: Սևանում ուղղակի անտանելի է լինում ամռանը. ցերեկվա անհասկանալի շոգը, գիշերվա ցուրտը, քամին և այլն: Սիրում ենք նաև Զանգեզուրում հանգստանալ:
Եգո՛ր, իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ բազմաթիվ հայեր իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել Թուրքիայում:
- Գիտե՛ք, ես ոչ ոքի չեմ ուզում դատել, քանի որ այդ իրավունքն ինձ չեմ վերապահում: Ամեն մարդ ընտրում է այն ճանապարհը, այն հանգստի վայրը, որն իրեն մոտիկ է և հարազատ: Ես, մոտավորապես, 10 տարի առաջ հանգստացել եմ Անթալիայում և խոսք եմ տվել այլևս երբեք Թուրքիայում չհանգստանալ: Դա իմ սեփական որոշումն էր: Դրանից հետո 2 անգամ եղել եմ Արևմտյան Հայաստանում՝ բարձրանալով Արարատ լեռը, մյուս անգամ էլ՝ մեկ շաբաթ շրջել ենք կրկին Արևմտյան Հայաստանում՝ հասնելով մինչև Նեմրութ սարը:
Բայց այնպես չէ, որ ես կանգնեմ ասեմ. «հայե՛ր, մի՛ գնացեք Թուրքիա»: Յուրաքանչյուր մարդ թող ընտրի իր համար և թող Հայաստանի համապատասխան մարմինները մտածեն այն մասին, որ մեր երկրում ստեղծեն այնպիսի պայմաններ, որ մարդիկ այստեղ հանգստանան, ոչ թե մեկնեն ուրիշ երկիր: