Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, միանշանակ, իրենց ազդեցությունն է ունենում համաշխարհային ֆինանսական և դրամական շուկաների վրա, որի մի մասն է կազմում նաև դրամի շուկան: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
Հետևո՞ւմ եք դրամի շուկայում տեղի ունեցող իրադարձություններին և ինչպիսին է ներկայիս իրավիճակը:
- Իհարկե հետևում եմ: Դրամի շուկան, ըստ էության, ածանցյալ մի ինստիտուտ է՝ տնտեսագիտական առումով: Դրա կատեգորիան, ընդհանրապես արժույթ կատեգորին, դա լինի դոլար, դա լինի եվրո, դա լինի ֆունտ-ստերլինգ, թե ռուբլի ու հայկական դրամ, արտացոլում է տնտեսությունում գոյություն ունեցեղ իրավիճակը: Հիմա, Հայաստանի տնտեսությունը, որպես այդպիսին, գտնվում է չափազանց վատ վիճակում: Եթե վատ վիճակում է գտնվում, ուրեմն մեր երկրի արժույթն էլ պետք է վատ վիճակում գտնվի և դրանով պայմանավորված մենք այս պահին ունենք դժվարություններ ընթացիկ տարվա՝ 2015թ.-ի բյուջեի կատարման առումով: Դրա նշան պետք է համարել այն, որ արդեն 2016թ.-ի բյուջեի նախագիծը, որը ներկայացված է պառլամենտ, եկամուտների կտրվածքով համախմբված բյուջեն ավելի փոքր է քան եղել է 2015թ.-ին:
Դա արդեն նշան է այն բանի, որ մեր արժութային շուկայում, ֆինանսական շուկայում վիճակը վիճակ չի: Դա համապատասխան չափով վերաբերում է նաև դրամին: Այսինքն, մի անգամ մենք ունեցանք դրամի փոխանակային կուրսի կատաստրոֆիկ արժեզրկում՝ 2014թ.-ի դեկտեմբերին. 410-ից մենք հասանք 480-485: Այս միտումները պահպանվում են, մինչև անգամ ավելի վտանգավոր միտումներ կան:
Այն պարագայում, որ հենց մասնավոր տրանսֆերտները, այսինքն՝ ուրիշ տեղ աշխատած հայ մարդիկ, որ այստեղ փող են ուղարկում, արդեն վիճակագրական տվյալներով դրանց ծավալը սարսափելի փոքրացել է, որը ևս, դրամի շուկայում պետք է ունենա իր բացասական ազդեցությունը: