ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արփա-Սևան» թունել՝ տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին և վերականգնման աշխատանքներին ընթացքին: ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ: Կապալառու կազմակերպությունը «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությունն է, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 11798546320 ՀՀ դրամ, այսօրվա դրությամբ մնացորդը 1183000000 ՀՀ դրամ է:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արփա-Սևան» թունելի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեխնիկական վիճակին, առկա խնդիրներին և մասնավորապես, թունելի՝ վթարավտանգ իրավիճակում գտնվող առանձին հատվածների վիճակին: «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը վարչապետին զեկուցել է, որ 2010 թվականից իրականացվող թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակում կատարվել է վթարային վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում և վերականգնում: Նա նշել է, որ ներկայում աշխատանքների մեծ մասն ավարտված է, և շինարարության ավարտին մնացել է մոտ մեկ տարի: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև թունելի այն տեղանքները, որտեղ վերջին 5-6 տարում ավելի են խորացել փլուզումները, որոնց վերականգնման անհրաժեշտություն ևս կա:
Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ ընդհանուր առմամբ «Արփա-Սևան» թունելում իրականացվող շինարարական աշխատանքների նպատակը թունելի արտադրողականության բարձրացումն է՝ Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակը կրկնապատկելու համար: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13.5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ:
Շրջայցից և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների և կապալառու «Արփա-Սևան» ԲԲԸ ղեկավարներին՝ «Արփա-Սևան» թունելի պահպանության և վթարված հատվածների շարունակական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981 թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48.3 կմ է, որի առանձին հատվածներ գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում: Վերականգնողական շինարարական աշխատանքներն ընդգրկում են թունելի կամ նրա մի մասի (հատակ) երեսարկների դեֆորմացված հատվածների վերակառուցումը: