«Asbarez»-ը գրում է այս ֆիլմի մասին, որը կոչվում է «Հայաստանը Շարունակում Է Երգել Մեր Սրտերում» վաւերագրական ֆիլմ և ներկայացնում է սփիւռքահային՝ 1915թ.ի Ցեղասպանութիւնից հարիւր տարի անց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ գրում է.
«Արփա» կինոփառատօնի լաւագոյն վաւերագրական ֆիլմ անուանակարգում առաջադրուած այս ժապաւէնը նկարահանուել է հինգ տարբեր երկրներում՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Միացեալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ Հայաստանում: Ֆիլմի առանցքում հայ մարդն է, ով ամէն կերպ ջանացել է պահպանել ազգային ինքնութիւնը հայրենիքից հեռու:
Ֆիլմի հեղինակը Հայաստանում ծնուած եւ ներկայում Բրազիլիայում բնակուող Իզաբելա Բաբլումեանն է, ում ոգեշնչել են Եղեռնը վերապրածների ու նրանց ժառանգների պատմութիւնները: «Հայոց Ցեղասպանութան 100ամեակին ես ցանկանում էի պատմել հայ ժողովրդի պատմութիւնը՝ վերապրածների եւ նրանց ժառանգների տեսանկիւնից, ովքեր չնայած հեռաւորութեանն ու բաժանումին, կարողացել են վերապրել ողբերգութիւնն ու աշխարհի տարբեր ծայրերում վերստեղծել իրենց կեանքը՝ պահպանելով ինքնութիւնն ու մշակոյթը, տարաբնոյթ ճանապարհներով», նշում է «Հայաստանը Շարունակում Է Երգել Մեր Սրտերում» ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը:
Իզաբելան պատմում է, որ ֆիլմում ներկայացուած են տարբեր սերունդներ, ում միջոցով նաեւ ներկայացւում է տուեալ երկրի Սփիւռքի պատմութիւնը, եւ թէ ինչ է նշանակում հայ լինել այսօր: Երաժշտութեան, պարի, խոհանոցի միջոցով դիտողները կարող են իւրատեսակ մշակութային ճամբորդութիւն կատարել՝ ներկայ լինելով տարատեսակ տօնախմբութիւնների, հարցազրոյցների միջոցով տեղեկանալով ազգայինի պահպանման հարցում առկայ մարտահրաւէրների ու յաջողութիւնների մասին:
Իզաբելա Բաբլումեանի խօսքով, ի սզկբանէ նախատեսուած է եղել նկարահանել 15 րոպէանոց տեսանիւթ, սակայն տարբեր համայնքներից ստացուած բացառիկ տեսաժապաւէնների, յաջողուած դրամահաւաքի եւ կամաւորների աջակցութեան շնորհիւ՝ ստացուել է վաւերագրական ֆիլմ: Նախագծին օգնել են տարբեր ոլորտների արհեստավարժ մասնագէտներ, ֆիլմում հանդէս են եկել չորս հայկական երաժշտական խմբեր, ովքեր տարբեր ոճերում՝ ջազ, ռոք, ժողովրդական, իւրովի մեկնաբանում են հայկական երաժշտութիւնը:
Միացեալ Նահանգներում «Հայաստանը Շարունակում Է Երգել Մեր Սրտերում» վաւերագրական ֆիլմն առաջին անգամ կը ցուցադրուի «Արփա» միջազգային կինօփառատօնում, Հոլիվուդի Եգիպտական կինօթատրոնում, Նոյեմբերի 15ին, ժամը 2ին: Վաւերագրական ֆիլմի մասին մանրամասներ կարելի է գտնել armeniasings.com կայքում: