Yerevannews.am- ի  (Երևան Նյուզ) հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց շփման գոտում լարված դրության մասին, որը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է մի քանի գործոններով. « Բացի մեզ ծանոթ հին գործոնից այժմ կա մի նոր գործոն ևս: Պարզ է, որ ռուս-թուրքական լարվածությունը, կարծես թե, Ադրբեջանին ինչ-որ շանսեր է տալիս. համենայնդեպս իրենք այդպես են մտածում:

Օրինակ, երբ սկսվեց ռուս-թուրքական կոնֆլիկտը, կապված թուրքական օդուժի կողմից Սու 24 ռազմական ինքնաթիռի՝ Սիրիայի օդային տարածքում կործանման հետ, այդ լարված վիճակում Դավիթողլուն խոսեց կապված Ղարաբաղի հետ կապված խնդրի շուրջ, ասելով, որ այդ տարածքները շատ կարևոր են, պիտի ազատագրվեն, այս մեսսիջը հենց Ադրբեջանին էր ուղղված, որպեսզի Ադրբեջանը այդ վեճի ժամանակ, Ռուսաստան–Թուրքիա երկընտրանքի մեջ չգնա դեպի Ռուսաստան, այլ Թուրքիայի հետ մնա: Մյուս կողմից Ադրբեջանը հասկացավ, որ այստեղ խաղեր են գնում և ինքը պետք է ներգրավվի այդ խաղերի մեջ:

Փաստորեն, Ադրբեջանը, լարվածությունը պահպանելով, ես համոզված եմ, որ զուգահեռ մեսսիջներ է ուղարկում Ռուսաստանին , այն է՝ մենք գիտենք Ռուսաստան, որ ձեզնից էլ է շատ բան կախված, եկեք համագործակցենք:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ Ռուսաստանն է փրկում, պաշտպանում Հայաստանին, թե չէ իրավիճակն այլ կլիներ: Այս ամենից պարզ երևում է, որ Ադրբեջանն առաջինը փորձել է սիրաշահել Ռուսաստանին: Համոզված եմ, որ խոստումներ էլ տված կլինեն նույնիսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շուրջ: Բացի դրանից, բացահայտ ասում են Ռուսաստանին, որ իրենից էլ է կախված Ղարաբաղի հարցի լուծումը:
Այստեղից պարզ է, որ ակտուալացնելու համար ու այդ առիթն օգտագործելու համար իրենք լարվածությունը նորից ուժեղացնում են:
Ահավասիկ, սահմանի նոր լարվածության նոր պատճառները:

Զրույցի ընթացքում քաղքագետն անդրադարձավ նաև Ռուս-թուրքական հարաբերություններին: Ըստ պրն. Գրիգորյանի այս լարվածությունը դեռ երկար կտևի.

«Դա մի շաբաթվա կամ մի ամսվա լուծելու խնդիր չէ:Ակնհայտ է, որ Թուրքիայի քայլն անարդար էր. նրանք կարող էին չխփել Ռուսաստանի ռազմական ինքնաթիռին, բայց ամենակարևորը դա մեծ հարված էր Պուտինի անձնական հեղինակությանը:

Բավական չէ, որ արդարությունը Ռուսաստանի կողմն էր, դեռ մի բան էլ Թուրքիան իրեն բավական լկտի պահեց. դեպքերից հետո ո՛չ ներողություն խնդրեց, ավելին ասաց՝ թող իրենք մեզնից ներողություն խնդրեն:

Այս պահվածքով նրանք Ռուսատանի ղեկավարի պատվի հետ են խաղացին, ինչն ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը կկոշտացնի իր քաղաքականությունն ու այս լարվածությունը կշարունակվի:
Պարզ է՝ ոչ ոքի համար ցանկալի չէ, որ այս լարվածությունը տեղափոխվի ռազմական դաշտ, բայց որ լարվածությունը երկար կշարունակվի, դա կասկածից վեր է:

Զրույցի վերջում փորձեցինք, հանրագումարի բերելով 2015 թվականը, պարզել ինչպիսին է եղել տարին Հայաստանի համար:

Քաղաքագետը նկատեց. « Արտաքին քաղաքականության առումով տարին բավականին դրական էր այնքանով, որ Եվրոպայի հետ սկսեցինք նոր բանակցություններ նոր փաստաթղթի շուրջ:

Երկրորդ դրական քայլն այն էր, որ Ղարաբաղի հարցի շուրջ կոշտ պատասխան տվեցինք, երբ արհեստականորեն շատ լարված դրություն էր ստեղծվել:
Սա բերեց համեմատ հանգիստ վիճակի վերջին երկու ամիսների ընթացքում: Հիմա նորից Ադրբեջանը լարվածություն է մտցնում, բայց, այնուամենայնիվ, սեպտեմբերի դիպուկ հարվածները որոշ ժամանակ ուշքի բերեցին ադրբեջանցիներին: Հիմա նրանք նորից լարվածությունը բարձրացնում են, նորից կստանան պատասխան :
Այսպիսով, պետք է ընդունել, որ սեպտեմբերի դիպուկ, կետային պատասխանը մեծ հարված էր ադրբեջանական ճղճիմ սադրանքներին:

Պարզ է, որ խնդիրներ շատ կան, պետք է լուծենք, բայց համարում եմ դրական նաև այն առումով, որ ռուս-թուրքական այդ լարված պահին Հայաստանը չմիջամտեց, անտրամաբանական քայլեր չարեց: Ի վերջո, այդ լարվածությունը կապ չունի Հայաստանի և հայկական հարցերի հետ»: