ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսին, հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «Հրադադարի խախտում, ըստ էության, այլևս չունենք, սա պատերազմ է»։
Այս հայտարարությունը խուճապ ու զայրույթ առաջացրեց հասարակության շրջանակներում։ Մարդիկ սկսեցին հանդես գալ տարբեր մեկնաբանություններով՝ «պատերազմը խաղ ու պար չէ, որ հրավիրված ինչ-որ ասուլիսի ժամանակ մամուլի խոսնակը հայտարարի», «պատերազմի մասին հայտարարում է գլխավոր հրամանատարը, այլ ոչ մամուլի խոսնակը», «հիմա պաշտոնապես պատերազմ է հայտարարվա՞ծ, թե՞ ոչ», «որտե՞ղ է ազգային ժողովը, որ իրենք չեն արձագանքում ու չեն հայտարարում, այլ մամուլի խոսնակն է ասում այդ պատասխանատու հայտարարությունը» ... շարունակ այսպիսի մեկնաբանություններ և խուճապ։ Իսկ հասարակության մի զանգվածն էլ հորդորում ու պահանջում է Պաշտպանության նախարարությունից կամ պաշտոնապես նախարարի կամ համապատասխան անձանց միջոցով հայտարարել պատերազմի մասին, կամ հերքել Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը։
Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության ու տարածված խուճապի հետ կապված Երևան Նյուզ (YerevanNews.am, YN.am) լրատվականը կապ հաստատեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, վերջինս, անդրադառնալով հարցին, ասաց. «Ինձ համար էլ էր տարօրինակ, թե այդ ի՞նչ հայտարարություն էր: Ի՞նչ է նշանակում խաղաղության մասին չխոսել... Այ, պետք է հիմա դիմենք Պաշտպանության նախարարությանը: Դուք ի՞նչ եք ուզում, խուճա՞պ եք առաջացնում: Եթե բնակչությունը բորբոքված է, ապա թող իշխանությունից պահանջի բոլոր անշնորք պաշտոնյաների աշխատանքից հեռացում: Ամեն ինչ կկարգավորվի մեկ օրվա մեջ: Իսկ խուճապի մատնվելն անիմաստ է: Նախ առիթ չկա, երկրորդն էլ՝ եթե մեր ճակատագիրն է, որ պատերազմ լինի, ուրեմն կլինի: Ես վերլուծաբաններին միշտ ասում եմ՝ հերի՛ք է բարոյալքեք ժողովրդին, սարսափի մեջ պահեք։ Որևէ խոսնակ կարո՞ղ է ասել էս բառը օգտագործեք, էս մեկը՝ չէ, որ ինքն արեց։
Թող նախարարը խոսի, եթե այդպես է: Ես առաջարկում եմ, որ նախարարը դուրս գա և հանգիստ բացատրի իրավիճակը, որը կա, որը խուճապի տեղիք չի տալիս: Հայի մոտ գիտե՞ք ինչ վատ սովորություն կա: Հայը տեղից չի շարժվի, եթե վտանգն իրեն չի կպել, հարևանին բան չկա, ուրեմն իրեն էլ բան չի լինի: Իսկ հիմա ամեն մեկը վտանգ է զգում: Էդ կոլեկտիվ վտանգը լավ բան է: Թող իշխանությունից պահանջեն, որ ապաշնորհ գեներալներին թոշակի ուղարկեն:
Եթե պատերազմ է, ուրեմն երկիրը պետք է բերել պատերազմական իրավիճակի, բայց իմ կարծիքով, նման իրավիճակ չկա, հակառակը, մենք կարող ենք Ռուսաստանի հետ նորմալ աշխատենք, պահանջենք, ոչ թե անուղղակի հասկացնենք և մենք շատ բաներ կշահենք: Ռուսաստանը մեզ հետ չդաշնակցելու ճար չունի: Նա չի ուզում այն գինը տալ, որը մենք կարող ենք ստանալ, դրա համար է «պոչ խաղացնում»:
Պաշտպանության Նախարարին հավատում են, վստահում են, թող իր ծանրակշիռ խոսքն ասի, նաև ասի, թե Արծրուն Հովհաննիսյանն ինչի՞ համար է այդպես խոսում»:
Անդրադառնալով պատերազմին առհասարակ՝ քաղաքագետը նշեց. «Իրականում հերոսական ջանքերով մեր զինվորները պաշտպանում են հայրենիքը: Փոխանակ Ադրբեջանը խուճապի մատնվի, հայությու՞նն է մատնվում:
Մեր բանակի պրոֆեսիոնալիզմը բարձր է, դա միանշանակ է: Հայությանը հարց եմ տալիս.«Դու չգիտե՞ս, որ դիմացինդ թուրք է: Ամեն անգամ հայը զարմանու՞մ է, որ թուրքի հետ գործ ունի»: 90-ական թվականներին նույն բանը եղել է: Խուճապ չի եղել, անհավասար կռիվ է եղել, իրենք շատ զորք ու զենք են ունեցել, բայց մենք հաղթել ենք... էլի կհաղթենք»: