Դեկտեմբերի 18-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման, արդյունահանման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկում, որից հետո զրույցի հրավիրեցինք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանին:
- Պարոն Հակոբյան, Կապանում վերջին մի քանի օրում քննարկվող թեմաներից մեկը կապված է «Զանգեզուրի ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնի հետ, շրջանառվում են լուրեր, թե նա փոխարինվել է:
- Իրավացի եք, պարոն Ստիվենսոնն այժմ զբաղեցնում է կոմբինատի զարգացման գծով տնօրենի պաշտոնը, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն է նշանակվել Մհեր Պոլոսկովը: Նոր տնօրենի մասին խոսելու առիթներ կունենանք, ասեմ միայն, որ նրա ինժեներական փայլուն մտքի շնորհիվ է, որ կոմբինատի արտադրության ռիթմը չի փոխվել: Դեռ ավելին, կասկած չկա, որ նրա պաշտոնավարումը նոր շունչ կհաղորդի կոմբինատին:
- Շատ ցանկալի է, որ ներկայացնեք գունավոր մետաղների շուկայում մետաղների, հատկապես պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները:
- Մեկ տարի է, ինչ այդ գունավոր մետաղների, ինչպես նաեւ արճճի, անագի, նիկելի գները նվազում են: Այս պահին պղինձը վաճառվում է 4,5-4,6 հազար դոլարի սահմաններում, եւ դեռ այդ տատանումները շարունակվում են, պղնձի խտանյութի էժանացումը մեր ձեռնարկությանը դժվարին կացության առջեւ է կանգնեցրել: Մեզ հետաքրքրող մետաղների գների կտրուկ անկում գրանցվել է օգոստոս ամսից: Որպեսզի ընթերցողին ընկալելի լինի, ասեմ, որ մեկ տոննա պղնձի խտանյութի գինը նախորդ տարվա օգոստոս ամսվա տվյալներով եղել է 7,2 հազար դոլար, մոլիբդենինը՝ 32 հազար դոլար: Այժմ վերջինիս խտանյութի մեկ տոննայի գինը 15 հազար է, 4,5 հազար դոլար՝ պղնձի մեկ տոննայի գինը, պատկերացրեք այս մետաղների գների նվազման տխուր հետեւանքները մեր ձեռնարկության համար:
- Այնուամենայնիվ, կոմբինատը հարկային ոլորտում ինը ամսվա արդյունքներով անցած տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը կարողացել է գերազանցել (ճիշտ է, 2013 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 26,3 միլիարդ դրամ էր), ինչպե՞ս է դա հաջողվում:
- Այսօրվա դրությամբ մեր տեսադաշտում երկու կարեւոր խնդրի լուծումն է՝ հարկային պարտավորությունների կատարումը եւ աշխատավարձերի վճարումը: Եվ եթե այս երկու հիմնախնդիրը լուծվում է, պայմանավորված է կոմբինատի վարած արտաքին քաղաքականությամբ, այն է՝ լրացուցիչ գումարներ ենք հայթայթել դրսից, ինչի շնորհիվ կարողանում ենք ապահովել կոմբինատի բնականոն գործունեությունը: Հանրապետության խոշոր հարկատուների ցանկում վերջին տվյալներով մեր ընկերությունը երկրորդ հորիզոնականում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերությունից հետո: Պիտի փաստեմ, որ հանրապետության իշխանություններն ըմբռնումով են մոտենում հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակին՝ պայմանավորված պղնձի եւ մոլիբդենի միջազգային գներով: Իրողությունն այն է, որ այսօր կոմբինատը լուրջ վնասով է աշխատում:
- Շարունակենք զրույցը մետաղների գների հարուցած դժվարությունների մասին: Մարդիկ մտավախություն ունեն, թե հնարավոր են աշխատատեղերի կրճատումներ:
- Դրանք անհիմն մտավախություն են, ինչ-որ մեկի կողմից տարածվող ասեկոսեներ: Փաստն այն է, որ կոմբինատում աշխատում է 1000-ից ավելի մարդ, ավելի քան անհրաժեշտ է, բայց քաջ գիտակցելով տարածաշրջանի բնակչության սոցիալական անմխիթար վիճակը, կրճատում չենք անի: Սա պաշտոնական հայտարարություն է: Այն էլ ասեմ, որ 65 տարեկանի սահմանը հատած մարդկանց աստիճանաբար ուղարկում ենք թոշակի, նրանց տեղը նոր մարդիկ ենք վերցնում, քանզի երիտասարդությանն էլ իրեն դրսեւորելու հնարավորություն պիտի տրվի:
- Մետաղների գների նման անկումը հավանաբար անդրադարձել է ընկերության սոցիալական ծրագրերի վրա:
- Բնականաբար այդպես է: Իրողությունն այն է, որ որոշ չափով պիտի կրճատենք սոցիալական ծրագրերը, մեր ստանձնած պարտավորությունները: Առայժմ նման որոշում չի կայացվել, բայց իրադրությունը տնտեսական շուկայում կայծակնային արագությամբ է փոփոխվում եւ նույնը մեր բանակցությունների ընթացքը լրացուցիչ գումար հայթայթելու նպատակով: Ասեմ, որ ընկերության սեփականատերերը երրորդ տարին է, ինչ շահույթ չեն ստանում եւ նվազագույնը երկու տարի չեն էլ ստանալու: Մի խոսքով, կոմբինատը վնասով է աշխատում: Խնդիրն այն է, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը հանրապետության ամենախոշոր ձեռնարկությունն է, որն ապահովում է տարադրամի հոսք դեպի մեր երկիր, եւ նրա չաշխատելու դեպքում դեֆոլտի սպառնալիքը կմեծանա, դրամի կուրսը կբարձրանա շատ կտրուկ:
- Պարոն Հակոբյան, իսկ ի՞նչ կանխատեսումներ են արվում մետաղների համաշխարհային գների առումով:
- Ընկերության համապատասխան բաժինները զբաղվում են այդ հարցով, եւ ոչ միայն մեր, այլեւ միջազգային վերլուծաբանների կարծիքով՝ 2016 թվականը լինելու է եթե ոչ ավելի վատ, ապա այնպես, ինչպես հիմա: 2017 թվականից սպասվում են որոշակի դրական միտումներ, 2018 թվականից սպասվում է մետաղների գների բարձրացում, այսինքն՝ մեր գերխնդիրն այն է, որ դժվարություններին դիմակայենք առաջիկա երկու տարում: Մեզ սպասվում է տնտեսական երկու շատ ծանր տարի: Խնդիրն այն է, որ որոշ մարդիկ այն պատկերացումն ունեն, եւ մի կարծրատիպ է ստեղծվել, թե կոմբինատի հնարավորություններն անսպառ են, հրաշագործ մարդիկ են աշխատում այստեղ: Մարդկանց գիտակցությանը պիտի հասցնենք այն, որ կոմբինատը խոշորամասշտաբ ձեռնարկություն է եւ ունի իր հոգսերը, պրոբլեմները, ինչպես մյուս ձեռնարկությունները:
- Մարդիկ նաեւ խոսում են այն մասին, որ արբանյակ ձեռնարկությունների մի մասին ավանդաբար տրվող պատվերներն ուղղվել են մայրաքաղաքային ձեռնարկություններին, ինչի հետեւանքով մարզի մի շարք ձեռնարկություններում աշխատատեղեր են կրճատվել:
- Նման բան բացարձակապես չկա: Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը: Որքանով հասկացանք, այս տարածաշրջանում որոշ մարդիկ սիրում են բամբասել՝ դրա համար հիմք չունենալով: Այն օժանդակ ձեռնարկությունները, որոնք որակի եւ գնի հարաբերությունը պահպանում են, շարունակում են աշխատել: Երեւան ոչինչ չի տեղափոխվել, բացի նրանից, ինչն ավանդաբար արտադրել եւ ընկերությանն են հատկացրել Երեւանում, Չարենցավանում գործող ձեռնարկությունները: Բացեմ փակագծերը. արանքից դուրս են եկել այն միջնորդ կազմակերպությունները, որոնք կոմբինատից հավելյալ գումարներ են տարել: Պարզապես կոռուպցիոն մեխանիզմներ են գործել, որոնք մենք «կոտրել» ենք: Միգուցե նման ասեկոսեներ տարածում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ տեղ դժգոհ են կոմբինատի նման գործելակերպից: Դա նրանց խնդիրն է:
- Եվ դուք պատրա՞ստ եք համագործակցել բոլոր կազմակերպությունների հետ, որոնք առողջ ծրագրեր են ներկայացնում:
- Միանշանակ: Ընկերության կոմերցիոն բաժինը բաց է աշխատում, անընդհատ ստանում ենք ապրանքների գնային առաջարկներ, համեմատություններ են արվում, հետո փորձնական գնումներ են կատարվում, ապա որոշում է կայացվում. այդ ապրանքն անհրաժեշտ ու պիտանի՞ է, թե՞ ոչ: Ասեմ նաեւ, որ հանրապետությունում մի քանի գործարաններ կան, որոնց արտադրանքից կարող ենք հրաժարվել եւ նույն ապրանքը ներկրել Ռուսաստանից, այլընտրանք կա, բայց այդ ձեռնարկությունները կդադարեն աշխատել, այդ քայլին այսօր չենք դիմում՝ հայտնի նկատառումները հաշվի առնելով:
- Մեկուկես տարի է արդեն, ինչ կոմբինատում պատասխանատու պաշտոն եք վարում, հետաքրքիր է՝ նոր միջավայրում արդարացա՞ն Ձեր հույսերը, հիասթափություն ապրեցի՞ք, թե՞ դրական զգացումներն ավելի շատ էին:
- Հիասթափություն, անկասկած, չունեցա, բայց մի բան պարզեցի գոնե ինձ համար: Այստեղ, նորից եմ կրկնում, որոշ մարդիկ բամբասում են՝ դրա համար բնավ հիմքեր չունենալով: Ընդամենն այսքանը հիասթափության առումով: Իսկ ընդհանրապես Քաջարանում ժողովուրդն աշխատող ու պարտաճանաչ է: Կոմբինատի նոր տնօրենությունն էլ պարտքի տակ չմնաց: Անցած մեկուկես տարում քաղաքի եւ ժողովրդի համար բավականին աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես 20 տոկոսով բարձրացրել ենք այն աշխատողների աշխատավարձը, որ չէր գերազանցում 120 հազար դրամը: Իսկ նրանք կոմբինատի աշխատողների մեծամասնությունն են կազմում: Ձեռնարկության մարդիկ օրական մեկ անգամ սնվում են ձեռնարկության ճաշարանում: Մենք վերականգնել ենք կոմբինատին պատկանող երկրորդ մանկապարտեզը, քանզի Քաջարանում 120 երեխայի մանկապարտեզում տեղավորելու խնդիր կար, մարտից 90 երեխա նորակառույց մանկապարտեզ է հաճախում: Չնայած ձեռնարկության ֆինանսական ոչ բարվոք վիճակին, սոցիալական պարտավորությունների համար նախատեսված գումարը չի կրճատվել:
- Որքանով տեղյակ ենք, կոմբինատը շարունակում է ֆինանսավորել «Գանձասար» ակումբը եւ նույնանուն թիմը, որ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում:
- «Գանձասար» ֆուտբոլային ակումբն արդարացիորեն անցավ կոմբինատի սեփականության ներքո, այս ամռանը «Գանձասարը» ուսումնամարզական հավաք է անցկացրել Բուլղարիայում: Թիմի կազմն ուժեղացնելու նպատակով ձեռք ենք բերել ութ լեգեոներ: Այժմ, երբ աշնանային մրցաշրջանից հետո խաղադադար է հայտարարված, թիմը եւս մի ուսումնամարզական հավաք կանցկացնի, որ հավուր պատշաճի պատրաստ լինի գարնանային մրցաշրջանին: Մարզում շախմատի զարգացումը եւս մեր տեսադաշտում է. օրերս Քաջարան էին այցելել միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Խալիկյանը, ովքեր Քաջարանի մշակույթի պալատում պատանի շախմատիստների հետ միաժամանակյա խաղի սեանս անցկացրին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում