Yerevannews.am- ի (Երևան Նյուզ, YN.am) հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ անդրադարձանք բուքմեյքերական ընկերությունների գովազդումներին:
Մեր այն հարցին, թե արդյոք այսչափ գովազդը չի վնասում հասարակությանը մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իհարկե, վնասում է և սա արդեն համաշխարհային տենդենց է : Պարզապես այն պետությանը լուրջ հարկեր է վճարում, այստեղից էլ պետք է հասկանանք, թե որքան բարդ է դրա դեմ պայքարելը: Բոլորս էլ գիտենք, թե այն ինչ լուրջ պրոբլեմներ է բերում և ոչ միայն. դրա հետևանքները տարբեր ուղղություններով մենք տարբեր անգամներ ենք տեսնում, հաճախ ընդհուպ մարդկային կյանքեր են արժենում: Բայց սրա դեմ պայքարը ոչ միայն մեր իրականության մեջ է պետք, այլ այն պետք է ընդունել որպես համամարդկային պրոբլեմ:
Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Տոտոն, այլ ընդհանրապես մոլախաղերը ինչ տարածում են գտել ժամանակակից աշխարհում` մինչև Ֆիֆայի մակարդակով: Այս առիթով բավական է հիշել միայն վերջինիս նախագահ Զեպ Բլատերի ներգրավվածությունը բացահայտված կոռուպցիոն գործարքներում: Սա ահռելի բիզնես է:
Մեր երկրում էլ թվում է՝ փորձում են, իբր ինչ-որ քայլեր անել, բայց ապարդյուն: Խոսքը կազինոների մասին է. սրանք ժամանակին մայրաքաղաքում էին, ապա տեղափոխեցին քաղաքից դուրս, սակայն , ըստ էության, ոչինչ չփոխվեց:
Իհարկե, կան պետություններ, որոնք կարողանում են կտրուկ հրաժարվել և իրենց երկրում թույլ չտալ, բայց և կան երկրներ, որոնք դրանով բիզնես են զարգացնում, տուրիզմ են զարգացնում:
Խնդիրը կայանում է նրանում, որ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ գոնե պետք է ձեռնարկվեն, որպեսզի ռիսկերը նվազեն, որովհետև կրկնում եմ՝ սա միայն մեր երկրի պրոբլեմը չէ: Ուղղակի մենք պետք է նայենք այն զարգացող երկրներին, որոնք տնտեսապես մոտավորապես մեր կարգավիճակում են, ինչպես են վարվում, և գոնե դա վերցնենք: Բայց, հանուն արդարության, պետք է նշեմ, որ մյուս երկրնրում նույնպես պատկերն իդեալական չէ»:
Զրույցի ընթացքում պրն. Պիպոյանը նշեց, որ գնալով այս գովազդներն ավելի են շատանալու, քանի որ ազատականացված է և խոսքը աստղաբաշխական գումարների մասին է, իսկ եթե մի տեղ կա նման մակարդակի բիզնես հետաքրքրություն՝ բնականաբար այն չի կարող անհետևանք մնալ:
Վերջում հասարակական կազմակերպության նախագահ նման հետևությամբ ավարտեց զրույցը. «Սա գլոբալ խնդիր է, քանի որ սա նույն կազինոն է. ոչ մի տարբերություն չկա, նույն կազինոյի էֆեկտով տանում ենք այլ ձևով»:
Նշենք, որ Երևան Նյուզը հետևողական շարունակում է իր անդրադարձերը բուքմեյքերական ընկերությունների վնասակարությանը...
Հիշեցնենք, որ մասնագետներից մեկը մեզ հետ զրույցում կիսվել էր իր վրդոհմունքով՝ ասելով. «Սա նաև պետք է լինի պետական կարգավորման հարց, և մենք բացիթողի վիճակում չպետք է թողնենք այս ոլորտը, որպեսզի ով ինչ ուզենա չանի՝ իր ընկերության շահույթն ապահովելու համար: Բոլոր տեսակի գովազդներն օրենքով պետք է կարգավորվեն: Ուսումնասիրոթյուններ պետք է արվեն և պարզեն, թե այդ խնդիրներն ինչպես են լուծվում զարգացած երկրներում: Օրինակ Ռուսաստանում արդեն տասը տարի է արգելված են նման գովազդները: Իսկ մեզ մոտ տեսնում ենք օրեցօր շատացող գովազդներ, որոնցում ներգրավված են մի շարք հայտնի դեմքեր: Նրանց միջոցով էլ կարողանում են ազդել դեռահասների գիտակցության վրա»։