Ամանորին ընդառաջ մեր զրուցակիցն է "Չներվածները" ֆիլմից և "Վերջին հայրիկը" հեռուստասերիալից հանդիսատեսին հայտնի դերասան և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը, ում հետ զրույցը վերաբերվում է 2015թ.-ի ձեռքբերումների և 2016-ի սպասելիքներին:
-2015-ը դարձավ իմ կյանքի կարևորագույն տարիներից մեկը, քանի որ վերջապես նկարահանեցի իմ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը`«Չներվածները», մոտ 2 ժամ տևողությամբ, որտեղ միառժամանակ հանդես եմ գալիս որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար: Նույնիսկ գրել եմ ֆիլմի սաունդթրեքերից մեկը: Ֆիլմը այս ամառ ցուցադրվեց մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում, մարզերում, ինչպես նաև Լոս-Անջելեսում: Առաջիկայում կլինի ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը` ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, որից հետո այն հասանելի կլինի նաև համացանցում:
-Իսկ ի՞նչ այլ նախագծեր հաջողվեց իրականացնել այս տարի, բացի ֆիլմից։
-Իմ կողմից հիմնադրված և արդեն 6-րդ տարին գործող «Սթեյջ 7» ստուդիան բեմադրեց «Մոխրոտը և հեքիաթի հերոսները» երաժշտական ներկայացումը, որի ռեժիսորը կինս է` Աիդա Թորոսյանը: Այն 3 անգամ խաղացինք Ուսումնական թատրոնի բեմում: Ի դեպ` ներկայացման գլխավոր դերակատարները մեր ստուդիայի շրջանավարտներն ու մանկական թատերախմբի սաներն են` հիմնականում 7-13 տարեկան երեխաներ:
Այս տարի նկարահանվեցի Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» գեղարվեստական ֆիլմում, ոչ մեծ դերով: Այն կինոթատրոններում կլինի 2016 թվականին: Իսկ սեփական նոր նախագծերից ավարտին հասցրի երեք լիամետրաժ ֆիլմի սցենարներ:
-Վերջերս Ձեզ տեսնում ենք նաև հեռուստասերիալում: Կպատմե՞ք, ինչպես ստացվեց, որ հայտնվեցիք ամենահուզիչ սերիալի կոչումը ստացած նախագծում:
-Ստացա առաջարկ նկարահանվելու սցենարով նոր հայտնվող կերպարի` Սուրենի դերում, ծանոթացա սցենարին և միանգամից համաձայնվեցի: Կարծում եմ, որ «Վերջին հայրիկը» իր սցենարով, դերասանական խաղով և արժեքների քարոզման ձևով տարբերվում է շատ այլ սերիալներից: Առկա է ուժեղ դերասանական կազմ, լավ ռեժիսոր, գրագետ տեխնիկական անձնակազմ և դրան են գումարվում նաև սցենարային հետաքրքիր լուծումները, որոնք էլ պատճառ դարձան, որ այն սիրվի հանդիսատեսի կողմից և ունենա բարձր վարկանիշ: Ի դեպ, այն շատ բարձր վարկանիշ ունի նաև ԱՄՆ-ում բնակվող հայության լսարանում:
-Մի փոքր էլ խոսենք գալիք տարվա պլանների մասին:
-2016-ին շատ նախագծեր կան իրագործելու: Նախ կշարունակեմ նկարահանվել «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում այնքան, ինչքան որ նախատեսված է, որ պետք է լինի իմ կերպարը: Միևնույն ժամանակ սկսելու եմ իմ նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որին շատ զգույշ եմ մոտենում, քանի որ այն պետք է մի քանի անգամ գերազանցի նախորդին: Եթե ֆիլմը ստացվի այնպիսին, ինչպիսին, որ ես եմ պատկերացնում, ապա 2016-ի գլխավոր նպատակս կհամարեմ իրագործված: Կան նաև այլ պլաններ, ունեմ մեկ նոր դերի առաջարկ, որի մասին առայժմ չեմ ուզում խոսել: Իսկ ընդհանրապես միշտ էլ բաց եմ առաջարկների և համագործակցության համար:
-Ի՞նչ կմաղթեք ամանորի կապակցությամբ մեր ընթերցողներին:
-Բոլորին մաղթում եմ, որ դրական տրամադրվեն գալիք տարվան, փորձեն ամեն գնով իրագործել իրենց առաջ դրված նպատակները, քանի որ եթե մի բան շատ ես ուզում և ամեն ինչ անում ես ուզածդ իրականացնելու համար, ապա անպայման դա իրագործվում է: Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն և բարձր տրամադրություն: