«Հարսնաքար» - ի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց համալիրի մենեջեր, վկա Դավիթ Հայրյանը: Ըստ նրա, իրեն մոտեցել է մատուցող Դավիթ Ադամյանը՝ լարված, ահաբեկված, և հայտնել, որ իր ու հաճախորդի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Վերջինս «շատ ցավագին է ընդունել» մատուցողի դիտողությունն առ այն, որ իրենց մոտ չի կարելի գտնվել մարզահագուստով:
Մենեջերը մատուցողից, ապա նաև հաճախորդներից դժգոհություններ է լսել. «Մենք ընտանիքներով նստած ենք, հայհոյում են, չե՞ք կարող սաստել»: Ինքը մոտեցել է խնդրո առարկա սեղանին, որտեղ տեսել է երկու հաճախորդի, ովքեր գինովցած էին: Նրանք մենեջերին հավաստիացրել են, որ կոնֆլիկտը կապված էր հագուստի հետ, « մեր ընկերը գնացել է հագուստը փոխի»,- ասել են նրանք: Մենեջերը փոխել է մատուցողին՝ լարվածության աճից խուսափելու համար: Մենեջեր վկան հայտնեց նաև, որ կոնկրետ իր հանդեպ հաճախորդների կողմից ագրեսիվություն չի եղել:
Դ.Հայրյանը նշեց, որ ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում կային հավաքված մարդիկ, սակայն ինքը դա վերագրել է մարդաշատությունը, ինչպիսին սովորաբար լինում էր հրավառության ժամանակ:
Դ.Հայրյանը նշեց, որ կոնֆլիկտները մեծամասամբ լինում են հաճախորդների միջև, այլ ոչ թե «հաճախորդների և մեր միջև», որովհետև «մենք աշխատում ենք հանդուրժող լինել»:
Մինչ հարցաքննությունը սկսելը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հարցրեց վկային՝ ցանկանում է արդյոք ցուցմունքներ տալ՝ հաշվի առնելով, որ նա այս գործի նախաքննության ընթացքում եղել է կասկածյալի կարգավիճակում, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Վկա, մատուցող Մանուկ Մնացականյանը հայտարարեց, որ ինքը անձնագիր չունի, այդուհանդերձ, անձնագրի բացակայությունը չի խանգարել նրան հարցաքննել նախաքննության ընթացքում: Ամբաստանյալ, համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը հաստատեց նրա ինքնությունը, իսկ վերջինիս հայտնած տվյալները՝ հեռոխոսահամարները, համընկան գործում առկա տվյալներին, ինչը դատարանի հիմք ծառայեց հավաստիանալու, որ նա իրոք Մանուկ Մնացականյանն է:
Ըստ վկայի ցուցմունքի, ինքը մոտակայքում է եղել, երբ տուժող Վահե Ավետյանին մարզահագուստի հետ կապված դիտողությունից հետո հաճախորդն ասել է՝ «Ուզո՞ւմ ես շալվարս հանեմ, շորտիկով նստեմ»: Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին, թե Դավիթ Ադամյանն ի՞նչ ասաց, վկան պատասխանեց՝ «չեմ հիշում»: Մեղադրողը նկատեց՝ «ինչպես է, որ հստակ հիշում եք Վահե Ավետյանի ասածը, իսկ մատուցողի ասածը՝ ոչ»: Վկան հայտարարեց՝ «շատ ժամանակ է անցել»:
Մայիսի 7-ի դատական նիստում կհարցաքննվի համալիրի մատուցող, վկա Գևորգ Միքայելյանը: