«Հարսնաքար» - ի գործով  այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց համալիրի մենեջեր, վկա  Դավիթ Հայրյանը: Ըստ նրա, իրեն մոտեցել է մատուցող Դավիթ Ադամյանը՝  լարված,  ահաբեկված,  և  հայտնել, որ իր ու հաճախորդի միջև  կոնֆլիկտ է  տեղի ունեցել: Վերջինս «շատ ցավագին է ընդունել» մատուցողի դիտողությունն առ այն, որ իրենց մոտ  չի կարելի գտնվել  մարզահագուստով:
 
Մենեջերը մատուցողից, ապա  նաև   հաճախորդներից  դժգոհություններ է լսել.  «Մենք ընտանիքներով նստած ենք, հայհոյում են, չե՞ք կարող սաստել»: Ինքը մոտեցել է խնդրո առարկա  սեղանին, որտեղ տեսել է երկու հաճախորդի, ովքեր գինովցած էին: Նրանք մենեջերին հավաստիացրել են, որ կոնֆլիկտը կապված էր  հագուստի հետ, « մեր ընկերը գնացել է  հագուստը փոխի»,- ասել են նրանք: Մենեջերը փոխել է  մատուցողին՝ լարվածության աճից  խուսափելու  համար:  Մենեջեր վկան հայտնեց նաև, որ կոնկրետ իր  հանդեպ հաճախորդների կողմից ագրեսիվություն չի եղել:
 
Դ.Հայրյանը նշեց, որ ռեստորանային համալիրի  ավտոկայանատեղիում կային  հավաքված մարդիկ, սակայն ինքը  դա վերագրել է մարդաշատությունը, ինչպիսին սովորաբար լինում էր հրավառության ժամանակ:
 
Դ.Հայրյանը նշեց,  որ կոնֆլիկտները մեծամասամբ լինում են հաճախորդների միջև, այլ ոչ թե «հաճախորդների և մեր միջև»,  որովհետև «մենք աշխատում ենք հանդուրժող լինել»:
 
Մինչ հարցաքննությունը սկսելը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  հարցրեց   վկային՝ ցանկանում է արդյոք ցուցմունքներ տալ՝ հաշվի առնելով, որ նա այս գործի նախաքննության ընթացքում եղել է կասկածյալի կարգավիճակում, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
 
Վկա, մատուցող Մանուկ Մնացականյանը հայտարարեց, որ ինքը անձնագիր չունի,  այդուհանդերձ, անձնագրի բացակայությունը չի խանգարել նրան հարցաքննել  նախաքննության ընթացքում:  Ամբաստանյալ,  համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը հաստատեց նրա ինքնությունը,  իսկ վերջինիս հայտնած տվյալները՝  հեռոխոսահամարները,  համընկան գործում առկա տվյալներին, ինչը դատարանի հիմք ծառայեց հավաստիանալու, որ նա  իրոք  Մանուկ Մնացականյանն է:
 
Ըստ վկայի ցուցմունքի, ինքը մոտակայքում է եղել, երբ  տուժող  Վահե Ավետյանին մարզահագուստի հետ կապված դիտողությունից հետո հաճախորդն ասել է՝ «Ուզո՞ւմ ես շալվարս հանեմ, շորտիկով նստեմ»: Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին, թե  Դավիթ Ադամյանն ի՞նչ ասաց, վկան պատասխանեց՝ «չեմ հիշում»: Մեղադրողը նկատեց՝  «ինչպես է, որ   հստակ հիշում  եք Վահե Ավետյանի ասածը, իսկ  մատուցողի ասածը՝ ոչ»: Վկան հայտարարեց՝ «շատ ժամանակ է անցել»:
 
Մայիսի    7-ի դատական նիստում կհարցաքննվի համալիրի մատուցող, վկա   Գևորգ Միքայելյանը: