2016 թվականը թակեց բոլորիս դռները և ջերմորեն հյուրընկալվեց։ Յուրաքանչյուր մարդ նախընտրում է Նոր տարին դիմավորել տարբեր եղանակներով։ YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) ամանորյա տոնախմբությունների մասին զրուցեց երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ:
Սիրո՞ւմ եք Ամանորը և ինչով է այն Ձեզ համար յուրահատուկ:
- Ամանորի մեջ սիրում եմ կարծես ամեն ինչ, ինձ թվում է մարդ չկա, որ Ամանորը չսիրի, ես էլ բացառություն չեմ: Իմ ամենասիրելի տոնն է: Այն, իմ մանկության ժամանակ, տոներից միշտ առաջին հորիզոնականում է եղել: Հետո եկավ մի պահ, որ շատ անտարբեր էի՝ ընտանիքի վշտից և այդ ամեն ինչից ելնելով: Ավելի շատ սկսել եմ սիրել ինչ որդիս ծնվել է, արդեն 6 տարի է: Ձմեռ պապիկի գալուստը, անկախ այն բանից, որ ծանոթներիցս որևէ մեկը կարող է այդ հարդերձանքի մեջ լինել, քեզանից անկախ, դու մտնում ես այդ հեքիաթի մեջ և շատ հաճելի այդ ժամանակ ինքնախաբեությամբ զբաղվել:
Սեղանի ձևավորումը, ուտեստները, մարդկանց ուրախ դեմքերը, կապ չունի մարդիկ վատ են ապրում թե լավ, միևնույն է Ամանորի համար իրենց նեղություն տալով ուզում են գեղեցիկ զարդարեն բնակարանը, տոնածառը, սեղան գցեն տարբեր տեսակի խորտիկներով, ինչո՞ւ ոչ... հենց ինքը՝ տոնակատարությունը, արդեն ամեն ինչ արժե:
Չեմ սիրում ամանորն առանց «ջան»: Այդ ժամանակ ինձ թվում է, որ մի քիչ թերի է և ոչ մի կերպ չի կարելի այն ամբողջական համարել:
Տոնածառն ու բնակարանը զարդարե՞լ եք:
- Այս տարի տոնածառը մի փոքր ավելի ուշ ենք զարդարել, քանի որ Մոսկվայում էի: Հատուկ լույսերով զարդարել ենք նաև լուսամուտներն ու պատշգամբը: Ամեն ինչ արել եմ, որ որդուս համար տոնական տրամադրությունը հարյուր տոկոսանոց լինի:
Լիլիթ ամանորյա հրաշքին, Ձմեռ պապին հավատո՞ւմ եք:
- Միանշանակ... և ես նույնիսկ իմ միջոցն ունեմ. արդեն քանի տարի է, երբ սկսում են հնչել ժամացույցի 12 զանգերը, այդ ժամանակ շատ արագ թղթի վրա ցանկությունս գրում եմ, վառում եմ, դառնում է մոխիր, լցնում եմ շամպայնի մեջ ու մինչև զանգերի ավարտը խմում եմ: Ես ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում և այս մեկ բաժակ շամպայնը լինում է միակը, որն էլ խմում եմ զուտ երազանքիս համար: Այն անպայման իրականանում է:
Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու տոները:
- Արդեն երկար տարիներ է, որ գործի բնույթից ելնելով Ամանոր չեմ նշել՝ համերգներ, միջոցառումներ: Ակումբում եմ աշխատում, բնականաբար, երբ ամբողջ տարին այդ ակումբում աշխատում ես և գումար ես վաստակում, ապա դու իրավունք չունես Նոր տարվա գիշերը բացակայելու: Մարդիկ գալիս են մեզ տեսնելու և մեր երգերը լսելու: Արդեն 15 տարի կլինի, որ ես այսպես վազվզում եմ ռեստորաններով, ակումբներով, համերգներով, բայց այս տարի ընտանիքիս՝ մայրիկիս, որդուս, ընկերուհիներիս հետ միասին իմ մշտական ակումբներից մեկում նշեցինք:
Լիլիթ շնորհավորանք, բարեմաղթանք ունե՞ք Ձերերկրպագուների և բոլորի համար:
- Ես ուզում եմ, որ 2016 թվականը բոլորի համար լինի ձեռքբերումների տարի, բարեկեցիկ ապրեն, այս «չկա» կարգավիճակը գոնե մի քիչ վերանա, որովհետև ահավոր ծանր եմ տանում, երբ տեսնում եմ, որ մարդիկ շատ վատ են ապրում ու մարդիկ այնքան են հույսները կորցրել, որ իրենց աչքերի մեջ չես կարողանում նայել... ինքդ էլ նրանցից մեկն ես ու ոչինչ չես կարող անել:
Թող առողջ լինեն, պտղաբերության տարի լինի և ամենակարևորը խաղաղության: Թող աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ: