Հունվարի 14-ի դրությամբ՝ Ստեփանակերտի հանրակրթական հաստատություններից բացակայող 1186 երեխաներից 348-ի մոտ հայտնաբերվել է վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) գրիպի առկայություն, սակայն նրանցից ոչ ոք H1N1 տեսակով հիվանդ չէ:
Այդ մասին ասել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: Արձանագրված ցուցանիշն, ըստ Հարությունյանի, մտահոգիչ չէ, քանի որ այն կազմում է մայրաքաղաքի աշակերտների ընդհանուր թվի ընդամենը 4 տոկոսը:
«Ներկայումս վերին շնչուղիների սուր վարակներով ստացիոնար բուժում է ստանում 79 քաղաքացի, որից 40-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, սակայն նրանց վիճակը բավարար է գնահատվում»,- նշել է պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը՝ ընդգծելով, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում իրականացվում են հիվանդների ամբուլատոր ընդունելություններ և հսկողության տակ են պահվում կանչերը:
Օ. Հարությունյանի խոսքով՝ ներկայումս գրիպի H1N1 տեսակով վարակված 19 հիվանդներից միայն 5-ն է գտնվում հիվանդանոցում, մյուս 14-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ: Նրանցից 13-ը մանկահասակ երեխաներ են, իսկ 6-ը՝ մեծահասակներ:
Անդրադատնալով ՎՇՍՎ-ով վարակվելու կանխարգելման միջոցներին համաճարակաբանը խորհուրդ է տվել, մասնավորապես, լավ սնվել, օրվա ընթացքում օգտագործել մոտ 3 լիտր հեղուկ, պահպանել քնի ռեժիմը:
Կան նաև հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, կարելի է օգտագործել կանխարգելիչ նպատակներով:
Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) գրիպի առկայությունը և դրանց օդակաթիլային եղանակով տարածման առանձնահատկությունը՝ Օֆելյա Հարությունյանը նշել է, որ կրկին կոչով դիմում է ազգաբնակչությանը հիվանդության ախտանշանների՝ գլխացավի, մկանացավի, մինչև 38° ջերմության, հազի, թուլության, հարբուխի կամ քթի խցանման, հեղձուկի, առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:
«Անհարկի չօգտագոչծել հակաբիոտիկներ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները գրիպանման երեվույթներով հիվանդների հետ, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազալու և փռշտալու կանոնները և հաճախակի ձեռքերը լվանալ օճառով»,- ասել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:
Վրեժ Հովսեփյան