Yerevannews.am-ի (YN.am) հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը ներկայացրեց Ադրբեջանի ներկայիս տնտեսական ծանր վիճակը, մանաթի արժեզրկման, տնտեսության անկման պատճառներն ու հնարավոր լուրջ հետևանքները:
«Ադրբեջանում տնտեսական վիճակն իրոք շատ ծանր է: Ադրբեջանը դասվում է այն պետությունների շարքին, որոնք օգտվելով նավթի և գազի գնի բարձր արժեքից ուղղակիորեն լափում էին այդ գումարները, տնտեսությունը զարգացնելու նպատակով ներդնելու փոխարեն տարրականորեն ծախսում էին և շատ դեպքերում անիմաստ ծախսեր էին անում:

Հիմա ադրբեջանական իշխանությունները առնչվեցին շատ սուր ճգնաժամի հետ, որի հետևանքով Ադրբեջանի դրամամիջոց մանաթը արժեզրկվեց 97%-ով:Այդ տարվա սկզբից մանաթի արժեզրկումը շարունակվում է՝ չնայած ադրբեջանական իշխանությունների ջանքերին: Այսպես, Իլհամ Ալիևը բարձրացրել է գրեթե բոլոր պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև թոշակները, բայց դա շատ քիչ է իրավիճակը շտկելու համար»:

Զրույցի ընթացքում քաղաքագետը շատ դիպուկ նկատառում արեց՝ Ադրբեջանում որոշակի շրջանների ցույցերի վերաբերյալ:

«Նախ պետք է նշեմ, որ տնտեսական խնդիրների հետևանքով Ադրբեջանի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցան ցույցեր, բախումներ ոստիկանության հետ և չնայած ադրբեջանական իշխանությունները այդ ցույցերը ներկայացնում են լոկ որպես տնտեսական իրավիճակի դեմ բողոք, սակայն իրականում, երբ ուշադիր ենք նայում Ադրբեջանի քարտեզին և այն շրջաններին, որտեղ տեղի են ունեցել ցույցերը, ապա կտեսնենք, որ դրանք մեծ մասամբ տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում բնակվող կովկասալեզու և իրանալեզու բնիկ ժողովուրդների շրջանում:

Օրինակ՝ առաջին խոշոր բախումը տեղի ունեցավ Լենքորանում, որտեղ բնակվում են էթնիկ թալիշները, երկրորդ խոշոր բախումը տեղի ունեցավ Սիազանում, որտեղ բնակվում են էթնիկ թաթերը, այսինքն՝ կովկասյան պարսիկները, երրորդը՝ Ղուբայում, որտեղ ևս բնակվում են էթնիկ փոքրամասնություններ:
Սրանից կարելի է եզրակացություն անել, որ ադրբեջանական իշխանությունները այս տարիների ընթացքում նավթից և գազից ստացված դոլարները հիմնականում ներդրել են այն տարածաշրջաններում, որտեղ ապրում են էթնիկ թուրք ադրբեջանցիներ: Դրա համար սոցիալական այս ընդվզումները, տեղաբնույթ ապստամբությունները տեղի չունեցան թրքաբնակ տարածքներում, այսինքն՝ որտեղ ապրում են ադրբեջանցիներ: Նման ելույթներ տեղի չունեցան Սումգայիթում, Գյանջայում, Մինգեչեվիրում, Շամխորում, Շեքիում և այլ շրջաններում, որտեղ մեծ մասամբ թուրք ադրբեջանցիներ են»:

Անդրադառնալով ակնկալվող հեղափոխությանը, որը հաճախ է վերջերս շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներով, քաղաքագետը ևս հնարավոր համարեց այն։

«Իլհամ Ալիևը նախկին խորհրդային հանրապետության դիկտատորներից մեկն է, այնտեղ նա համարվում է Ադրբեջանի սուլթան , նա իշխանությունը ժառանգել է իր հորից, ինքն այդ իշխանությանը ժողովրդավարական մեթոդներով չի հասել:

Ավելին, այն իր ձեռքում երկարատև պահելու համար նույնիսկ սահմանդրությունը փոխեց՝ այսպիսով ուզածի չափ թեկնածությունն առաջադրելու հնարավորություն ստեղծելով իր համար: Բայց, իհարկե, այս սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են մեծ բարդություններ ստեղծել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի համար ,և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում տեղի չեն ունենալու ապստամբություններ, իշխանափոխություն:

Իմ կարծիքով, ընդհանրապես, ապստամբության դեպքում կքանդվի Ադրբեջան պետությունը, իսկ ՀՀ-ն հնարավորության դեպքում պետք է աջակցի եղբայր կովկասալեզու և իրանալեզու ժողովուրդներին, որոնք բնակվում են ներկայիս Ադրբեջանի տարածքում, որպեսզի վերջիններս ձեռք բերեն անկախություն և դրանով թոթափեն Ադրբեջանի լուծը:

Նաև Ադրբեջանի կործանումը՝ որպես պետություն, եթե դա իհարկե տեղի կունենա, թեպետ ես դրան չեմ հավատում, որովհետև կան միջազգային խոշոր խաղացողներ, որոնց դա հիմա ձեռնտու չէ, այմուամենայնիվ լիովին համապատասխանում է մեր ազգի, պետության շահերին»: