Այսօր հայոց բանակի օրվա կապակցությամբ Yerevannews.am- ը (YN.am) զրուցեց Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, ով հայոց բանակի կազմավորման գործում իր մեծագույն և արժանապատիվ ներդրումն ունի: Ազատամարտի ընթացքում հատկապես Շուշիի ազատագրումը նրա, ինչպես նաև ողջ ժողովրդի կարևոր ձեռքբերումներից եղավ:Այս հաղթանակը իր հոգեբանական և ռազմավարական ազդեցությունն ունեցավ ինչպես պատերազմի հետագա ընթացքի, այնպես էլ բանակի հետագա մարտունակության վրա։
Հերոսը տոնի կապակցությամբ շնորհավորեց մեր երկրի պաշտպաններին՝ գնահատելով վերջիններիս աննկուն կամքը:
«Սա համաժողովրդական տոն է, մեր բանակի 24 ամյակն է, և այս կապակցությամբ շնորհավորում եմ մեր բանակի զինվորներին, սպաներին, մեր գեներալներին: Մաղթում եմ նրանց առողջություն և այն մարտական ոգին, որով պաշտպանում է մեր երկիրը և հարկ եղած պահին հետ մղում թշնամուն, թող մշտապես ուղեկցի նրանց:
Թշնամին որ պահին հարձակվի, այդ պահին իր վերջը կգա: Ընդհանրապես մեր բանակը լոկ պաշտպանության համար չէ, այլ թշնամուն իր հողում ջախջախելու համար է:
Մեր բանակի մարտունակությունը այնքան բարձր է, որ վճռորոշ պահին կարող է հիմնովին ոչնչացնել Ադրբեջանը: Այս խոսքերս փաստում են նաև ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի ռազմագետները:
Իմ թոռնիկը ևս զինվոր է, մյուսն էլ վերջերս է զորացրվել: Այսօր արդեն մեր թոռներն են պահում մեր երկիրը, մեր սահմանները: Նրանք գիտեն, որ իրենց պապերը, հայրերն են հաղթանակը կերտել, նրանք հաղթանակի ծնունդ են: Այդ գիտակցումը, թե ումից են սերվում, ևս բարձր է պահում մեր տղաների մարտական ոգին:
Մերոնք ճանաչում են նաև մեր թշնամուն. նրանց համար ազերին պատերազմից գլխապատառ փախածն է: Մեր զինվորի և թշնամու զինվորի մակարդակները շատ տարբեր են: Մենք մի ազգ ենք, մենք մեզ ենք պաշտպանում:
Ճիշտ է, մենք ունենք որոշ խնդիրներ, դա բոլորս գիտենք, բայց իրենց խնդիրները ազգային խնդիրներ են, լեզվական, կրոնական խնդիրներ են, և այդ երկիրը կամաց-կամաց քանդվում է: Դրա համար այս խաղաղ տարիների ընթացքում մենք ուժեղացել ենք, իսկ նրանք այդ նույն ժամանակահատվածում քայքայվում են: Ինչպես ԱՄՆ հետախուզական վարչությունն է ասել, Ադրբեջանը կքայքայվի և կդառնա ռուսական պետության մի մաս»:
Պատերազմի դառը փորձությունն անցած հերոսը, ում ժամանակներում ապրելու պատիվն ունենք, շատ լավ է ճանաչում այսօրվա հերոսին.
«Մեր հերոսը մեր զինվորն է, սա հասկանալու, գնահատելու համար տարիներ են պետք: Այսօր ինչ ունենք՝ նրանց հերոսականության շնորհիվ է: Զինվորն է, որ կրակահերթի տակ այսօր պահում է մեր երկիրը : Նրանց կյանքը մեզ համար օրինակ է և մենք հպարտ ենք նրանցով»: