Հայոց բանակի տոնի կապակցությամբ Yerevannews.am- ը (YN.am) զրուցեց երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ, ով տոնի առիթով պատրաստվում է այցելել Լուսակերտի տանկային զորամաս և ևս մի քանի զորամասեր՝ իր երգով շնորհավորելու մեր զինվորներին: Երգիչը զրույցի ընթացքում շնորհավորեց հայոց բանակին և ժողովրդին՝ կազմավորման տարեդարձի առիթով՝ համարելով այն համընդհանուր տոն:

«Շնորհավորում եմ մեր զինվորներին և բոլորիս մեր բանակի օրվա առթիվ: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բանակաշինության ճանապարհին ընկած և այսօր մեզ հետ ապրող ազատամարտիկներին: Փա՛ռք ու պատիվ իրենց և բոլոր մեր զինվորներին, մասնավորապես նրանց, ովքեր հենց այս պահին խրամատում, սահմանին կանգնած ապահովում են մեր խաղաղությունը:

Երգիչը, որ հաճախ է լինում մեր զինվորի կողքին, ավելի լավ է ճանաչում նրան:

«Մեր բանակի ոգին գնալով ավելի ամուր է դառնում և ես տարեցտարի, ինչքան ավելի շատ եմ շփվում մեր զինվորների հետ, այնքան ավելի շատ եմ տեսնում նրանց ոգու, գիտակցության վերելքը: Այստեղ մեծ դեր է կատարում մեր սերը մեր բանակի, զիվնվորի հանդեպ: Հայ զինվորը մեր պետության բարձրագույն արժեքն է:

Ես կուզենայի, որ բոլորս գիտակցեինք այս իրողությունը, որ իսկապես մեր երկիրը պահողը հայ զինվորն է, որին պետք է երախտահատույց լինենք մեր ուշադրությամբ, մեր բարոյական աջակցությամբ: Թեպետ, մի կողմից մեր զինվորը ոչնչի կարիք չունի, այդ մենք ունենք ավելի շատ այդ աջակցության կարիքը, որ գտնում ենք բանակում: Մեր ոգին բարձրացնելու համար պետք է ավելի հաճախ շփվենք զինվորի հետ:

Հաճախ ասում են՝ գնում ենք զորամասեր, երգում ենք, որպեսզի զինվորի ոգին բարձրացնենք, քաջալերենք և այլն: Ես կարծում եմ՝ հակառակն է տեղի ունենում. մենք երբ որ գնում, երգում ենք մեր զինվորի համար, մեր ոգին է ավելի բարձրանում և վերադառնում ենք այնտեղից այն գիտակցումով, որ իսկապես հայրենիքի նկատմամբ սերը, ազգային նկարագիրը պահպանելը մեր կարևորագույն խնդիրն է, որն այսօր մեծապես ընկած է սահմանը պահող զինվորի ուսերին»: