Երջանկությունն այն վիճակն է, որին ձգտում է յուրաքանչյուրս: Այլ հարց է,որ յուրաքանչյուրս յուրովի է այն պատկերացնում ու տեսնում. մեկի համար դա հաջող ընտանիքն է, մյուսի համար՝ մասնագիտական հաջողությունները, երրորդի համար՝ նյութական ապահովվածությունը:
Բայց կա մի սխալ համոզմունք, թե իբր երջանկությունը դժվար հասանելի է: Չգիտես ինչու, սովոր ենք մտածել, որ այն, ինչ հեշտ է տրվում, արժեք չունի: Չենք հավատում այն երջանկությանը,որն իրեն-իրեն մեր ձեռքն է ընկնում: Ստացվում է՝ փոխանակ վայելենք մեզ տրվածը, սկսում ենք ինքներս մեզ համար դժվարություններ ու տառապանքներ ստեղծել, հետո հերոսաբար հաղթահարել դրանք և նոր միայն մեզ երջանիկ զգալ:
Սահմանեք ձեր երջանկության չափորոշիչները.
Երջանիկ լինելը նույնպես նպատակ է,իսկ նպատակին հասնելու համար պետք է այն պատկերացնել: Կարգավորեք ձեր մտքերը, փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում: Կազմեք այն ամենի ցուցակը,ինչը ձեզ հաճելի է, և առանց ինչի ձեր առօրյան հաստատ ավելի մոխրագույն կլիներ, քան հիմա է: Դա կարող է լինել հարևանների հետ սրճելը, ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը, գնումներ անելը: Անգամ հլու-հնազանդ հայ կինը կարող է ժամանակ առ ժամանակ իրեն նման շռայլություն թույլ տալ և հաշվի առնել նախ և առաջ սեփական ցանկությունները:
Հիմք ընդունեք այն, ինչ կարող եք անել.
Երջանկությունը պետք է հենվի «կարող եմ» և «ուզում եմ» արտահայտությունների համադրության վրա: Ուզելն այս դեպքում քիչ է, այն դեռ պետք է իրականացնել, հակառակ դեպքում՝ այդ երջանկությունը կմնա օդից կախված, որը մի օր ուղղակի կանհետանա՝ թողնելով հիասթափության տհաճ զգացում: Հիշեք,որ ձեր ցուցակում պետք է լինի այն, ինչ ինքներդ կարող եք անել և մեծ հաշվով դա ուրիշներից կախված չէ:
Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք.
Երջանկությունը սկսվում է սեփական անձի հետ համերաշխությունից: Անկախ ամեն ինչից,յուրաքանչյուր մարդ ունի և՛ արժանիքներ, և՛ թերություններ: Սկսեք ճանաչել ձեր արժանիքները և վերափոխել թերությունները:
Կարճ ուղի.
Թերևս ամենակարճ ուղին,որ տանում է դեպի երջանկություն, մեկ ուրիշին երջանկացնելն է:Ժպիտ և ուրախություն պարգևեք դիմացինին և անգամ անծանոթին: Իսկ երբ ստանաք պատասխան ժպիտ, ձեր կյանքին կավելանա ևս մի քանի «գրամ» երջանկություն:
Ապրեք ներկայով.
Երջանիկ լինել պետք է այսօր,հենց հիմա և ոչ թե երեկ կամ վաղը: Եթե օրվա ընթացքում ուշադրություն դարձնեք, կնկատեք,որ անընդհատ մտածում եք այն մասին, ինչ կատարվել է երեկ, կամ ինչ պատրաստվում եք անել վաղը, ու չեք էլ նկատում, որ այդպես բաց եք թողնում ներկան:
Մի մոռացեք տրամադրության մասին.
Լավ տրամադրությունը երջանկության բջիջն է:
Սկսեք երաժշտությունից.
Անկասկած ունեք սիրած երաժշտություն կամ երգ, որը ստիպում է կիսաձայն կամ գուցե բարձրաձայն նա-նա-նա անել: Գիտնականներն ապացուցել են, որ 10 րոպե երգեցողությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսի հորմոնները:
Կերեք մի կտոր լավ տրամադրություն.
Շոկոլադ,մեղր, ընկույզ, խաղող կամ կծու-թթու ինչ-որ բան: Իսկ մրգերն ու բանջարեղենը սոսկ վիտամինի աղբյուր չեն,հիշեք գունաթերապիայի մասին: Կարմիրը տրամադրություն է բարձրացնում, նարնջագույնը կենսուրախություն է հաղորդում, դեղինը պայքարում է ծուլության դեմ:
Հիշեք հաճելին.
Տխուր մտքերից ոչ մեկս ապահովագրված չենք, կարևորը դրանց մեջ չսուզվելն է: Եթե ինչ-որ բան այն չէ, նեղված կամ թևաթափ եք եղել, շեղեք ձեր մտքերի ընթացքը, հիշեք հաճելի ակնթարթները, այդպիսիք հաստատ կլինեն: Եթե այնուամենայնիվ դժվարանում եք հիշել, բացեք ընտանեկան ալբոմը...
Հնարավոր է՝ այս պահին ձեր կյանքում ամեն ինչ խճճված է, իսկ խնդիրների կույտը օր օրի մեծանում է: Հնարավոր է՝ չկա այն մեկը, ով ի վիճակի է սփոփելու: Եվ հնարավոր է՝ ուզում եք բղավել՝ այլևս չեմ դի-մա-նում: Հավատացեք՝ երջանկությունն ամենևին այն չէ, երբ խնդիրներ չկան: Երջանիկ ես նաև, երբ անհաջողություններն ընդունում ես ոչ թե որպես խոչընդոտ, այլ ավելիին հասնելու միջոց:
Թարգմանեց՝ Սիրարփի Մարգարյանը: