Խաչատուր Սուքիասյանը տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար է։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է:
Ծնվել է 1961 թ. Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում` որպես փականագործ։
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։
1985 թ. - ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվում է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև` արտադրության պետ, իսկ 1989 թ. նշանակվում է տնօրեն։ 1991-1992 թթ. աշխատել է որպես «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1992-1994 թթ. - աշխատել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում` որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։
Այնուհետև ամբողջովին զբաղվում է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել է դեռ 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։
1996 թ. - ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվում են «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որի նախագահն է եղել մինչև 2005 թ., երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տալիս կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնում այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոսը)։
Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։
Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։
1999 թ. - Երևանի թիվ 12 ընտրատարածքից, 2003 թ. թիվ 15 ընտրատարածքից, այնուհետև 2007թ. թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:
2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։
2009 թ. - հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։