Տարբեր ֆիլմերում երևի տեսած կլինեք, որ մարդու արյան մեջ լողում են կարմիր գնդիկներ: Դրանք էրիթրոցիտներն են, որոնք սովորական վիճակում պատված են յուղային բարակ թաղանթով: Մազանոթների պատերի հետ շփվելով էրիթրոցիտները էլեկտրականանում են և դառնալով բացասական լիցքավորված մասնիկներ՝ սկսում են իրար վանել: Այսինքն՝ սովորական վիճակում արյան մեջ էրիթրոցիտները լողում են առանձին–առանձին: Երբ ալկոհոլը թափանցում է արյան մեջ, դրա ազդեցությամբ էրիթրոցիտների պաշտպանիչ թաղանթը քայքայվում է, և վանելու փոխարեն դրանք սկսում են իրար ձգել: Արդյունքում առաջանում են արյան կարմիր գնդիկների կուտակումներ, որոնց ծավալը շատ անգամ գերազանցում է էրիթրոցիտի ծավալը: 

Էրիթրոցիտների այդ զանգվածն արյան հետ միասին շարժվում է դեպի ուղեղ: Մարդու ուղեղը բաղկացած է 15 միլիարդ նյարդային բջիջներից` նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրը սնվում է առանձին միկրոմազանոթի միջոցով: Այդ մազանոթների ծավալն այնպիսին է, որ դրանց միջով էրիթրոցիտները կարող են անցնել մեկ–մեկ: Եվ երբ էրիթրոցիտների այդ զանգվածը մոտենում է մազանոթին, չի կարողանում անցնել դրա միջով, տեղի է ունենում խցանում, կամ մազանոթներն ուղղակի պայթում են: Արդյունքում թթվածինը դադարում է մուտք գործել ուղեղ՝ առաջացնելով թթվածնային անբավարարվածություն: Եվ հենց դա էլ մարդու կողմից ընկալվում է որպես հաճույքի զգացում: Թթվածնային անբավարարվածության արդյունքում ուղեղի այն նեյրոնները, որոնց մազանոթներում տեղի են ունեցել խցանումներ, կամ դրանք պայթել են, մի քանի րոպե անց մահանում են: Այսինքն՝ ալկոհոլի ազդեցության տակ Ձեր ուղեղի մի փոքր հատվածը մահանում է: Չմոռանաք սա: Ամեն անգամ, թեկուզ մեկ բաժակ ալկոհոլ խմելիս, Դուք սպանում եք Ձեր ուղեղի մի մասը:

Առողջության հարցում չեն լինում մանրուքներ: Ցանկացած թվացյալ մանրուք ժամանակի ընթացքում կարող է մեծ ազդեցություն ունենալ Ձեզ վրա: Մի՛ խմեք, որովհետև բոլորն են խմում: Մի՛ խմեք, որովհետև սեղանակիցները ստիպում են խմել: Մի՛ խմեք, որովհետև դա ընդունված է: Ընդունված ոչինչ չկա: Ի՞նչ է նշանակում՝ ընդունված: Մի՛ արեք ինչ–որ բան միայն նրա համար, որ դա ընդունված է: Արեք դա այն ժամանակ, երբ ինքներդ եք դա ճիշտ համարում: Չէ՞ որ ժամանակին ընդունված էր, որ երկիրը պահում են չորս մեծ փղեր, կայծակը աստված է, անհնար է լուսնի վրա թռչել և այլն, և այլն, մինչև հայտնվեցին մարդիկ, ովքեր ապացուցեցին, որ դրանք միայն սխալ պատկերացումներ էին:

Խմելու մեջ ոչ մի հերոսություն չկա, ինչպես թվում է շատերին: Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է մարդը խմում, այն է, որ խմելով մարդն ազատվում է իր կապանքներից, դառնում է ավելի ազատ ու վստահ: Այսինքն՝ խմած ժամանակ նա կարող է անել մի բան, որ սթափ վիճակում խուսափում կամ վախենում է անել: Ժամանակին դա շատ էր օգնում նաև ինձ: Բայց մի օր ես որոշեցի, որ ավելի լավ է՝ ինքս փոխվեմ այնպես, որ գամ նույն վիճակին առանց խմելու, քան ուղղակի թաքնվեմ ալկոհոլի ետևում:

Հիշում եմ, երբ իմացա, թե ինչպես է ալկոհոլը ազդում մեր ուղեղի վրա, այդ մասին պատմեցի ընտանիքիս անդամներին: Ոչ ոք, իհարկե, լուրջ չընդունեց, իսկ հայրս կատակեց. «Նախկինում խմում էինք ու չէինք էլ հասկանում, թե ինչպես է ալկոհոլը մեզ վրա ազդում: Հիմա, երբ հասկանում ենք, հանգիստ կխմենք»: Իհարկե, լավ ծիծաղեցինք (ամեն դեպքում, հարազատներիս հետ կապված իմ փորձերը ես դեռ կշարունակեմ): 

Ծանոթներիցս մեկն էլ, երբ խոսում էինք այդ մասին, ասաց. «Իիի՜նչ ես մտածում, միևնույնն է, մարդն իր ուղեղի մի քանի տոկոսն է օգտագործում միայն, մնացածը հանգիստ կարող ենք սպանել»: Կրկին ծիծաղեցինք: Իսկ երբ այդ թեմայով խոսում եմ մարդկանց հետ, ովքեր խմում են, բայց չեն ծխում, պատասխանը հետևյալն է. «Ճիշտ ես, ծխախոտը վնասակար է, դա վատ սովորություն է, բայց դե խմելը... բոլորն էլ խմում են, չէ՞»: Հետաքրքիր է, հարկ եղած դեպքում մարդիկ պատճառաբանություններ միշտ էլ կարողանում են գտնել:

Սիրարփի Մարգարյան