1. Մարդը չի կարող ապրել մենակ: Ամենամեծ երջանկությունը և մարդկային ուրախությունը մարդկանց հետ հաղորդակցվելն է:
2. Մարդը պարտավոր է: Մեր կյանքի ամբողջ իմաստն այն է, որ մենք բոլորս պարտավոր ենք: Այլ կերպ ապրելն անհնարին կլիներ: Մարդկանց հանդեպ քո պարտքի հստակ ըմբռնումը և խիստ պահպանումը քո իսկական ազատությունն է: Կյանքում միշտ լինում է այնպես, որ մեկի համար ավելի հեշտ է, մյուսի համար՝ ավելի դժվար, մեկին բաժին է ընկնում ավելի շատ ուրախություն,մյուսին՝ քիչ, մեկի համար ավելի լավ է, մյուսի համար՝ ավելի վատ:
3. Պարտավորվածությունը մարդուն վեհացնող ցանկությունների դաստիարակության դպրոց է: Յուրաքանչյուր մարդ պետք է հասնի այն բարձունքին,որտեղ նա, վարվելով այնպես, ինչպես թելադրում է պարտքը, հնարավոր դարձնելով այն, ինչը առաջին հայացքից թվում է աներևակայելի ու անհասանելի,հանդես է բերում հոգու վեհություն:
4.Սիրիր մարդկանց: Մարդկանց նկատմամբ սերը քո բարոյական էությունն է: Սերը մարդու նվիրվածությունն է մարդուն: Մարդկային սիրո մեջ հավերժ վառվում է մի կրակ, որը ես կանվանեի ուրիշ մարդու պատկանելու նրա սիրելի էակը լինելու համար մարդու հոգևոր պատրաստակամություն: Դա ոչ թե անձնավորության ստրկացում է, այլ մարդու իսկական մեծարում: Այդ հոգևոր սկզբունքի մեջ են անձնավորության ,մարդկային արժանապատվության, հպարտության, ինքնօրինականության արմատները: Եվ եթե դու կարողացել ես երևան բերել, դրսևորել սիրո այս բոլոր հոգևոր սկզբունքները նշանակում է. դու գտել ես կյանքի իսկական երջանկությունը: Սերը զորեղ դաստիարակ է: Իսկական գեղեցկությունը նվիրվածության մեջ է, ուրիշ մարդու ուրախություն պատճառելու ձգտման մեջ: Այն բանի զգացումն ու ըմբռնումը, որ քեզ թանկ են գնահատում - դա մարդկային հսկայական արժեք է:
5. Յուրաքանչյուրն իրեն դրսևորում է յուրովի՝ իր համոզմունքներում, հայացքներում, տարակուսանքներում, մտքերում, զգացմունքներում, ապրումներում, տրամադրություններում, միմյանց նկատմամբ վերաբերմունքի մեջ,արարքներում, ուրախություններում, դժբախտություններում, բարին ու չարն զգալու մեջ և այդ հավերժ մարդկային վիճակների նկատմամբ վերաբերմունքի մեջ, հաջողություններում և անհաջողություններում, հույսերում , բավարարվածության և դժգոհության մեջ, հիասթափություններում և ափսոսանքում,վիրավորանքներում և դառնություններում, բարյացակամության և անհանդուրժողականության մեջ: Այս բոլորը մարդկային ոգու կյանքն է:
Թարգամանեց՝ Սիրարփի Մարգարյանը: