2016 թ․ փետրվարի 25-ին դիտորդական խմբի անդամներ Ս. Գաբրիելյանը, Հ. Հարությունյանը և խմբի փորձագետ Ա. Սաքունցը կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ կալանավոր Վարդգես Գասպարիի պահման պայմանների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով: Այցելության ժամանակ Վարդգես Գասպարին գտնվում էր 06-րդ խցում, որտեղ պահվում է նաև Գևորգ Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին խումբը այցելել էր Վ. Գասպարիին։ Վերջինս տեղեկություն էր տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր հանդեպ դրսևորված բռնության և ճնշումների վերաբերյալ:
Վ. Գասպարին խմբի անդամներին պատմել է սույն թվականի փետրվարի 23-ին իր հանդեպ իրականացված բռնությունների մասին, նշելով, որ փետրվարի 19-ից ի վեր «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո, 3 անգամ տեղափոխվել է տարբեր խցեր: Ինչի պատճառը խցակիցների կողմից դրսևորված ֆիզիկական և հոգեբանական բռնություններն են եղել:
Վ․Գասպարին հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2008թ․-ից հետո, երբ ինքն առաջին անգամ դատապարտված է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պայմանները և իրավիճակը քրեակատարողական հիմնարկում ավելի է վատացել և հարցրեց․ արդյոք Դիտորդական խումբն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում «քրեական չգրված կանոնների» հետ կապված խնդիրներին։ Դիտորդները Վ․Գասպարիին հայտնեցին, որ ՔԿՀ-երում այդ խնդրին Դիտորդական խումբը բազմիցս անդրադարձել է իր զեկույցներում։ ՔԿՀ-երում իրավիճակի փոփոխման համար որոշում կայացնողները և իրականացնողները հանդիսանում են ՀՀ Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական վարչությունը, որոնց վերստին խմբի կողմից բազմիցս ներկայացվել են նշված խնդրի վերաբերյալ պահանջներ և մտահոգություններ։
Խումբը տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու համար հանդիպել և առանձնազրույցներ է ունեցել Գասպարիի հետ նույն՝ 09-րդ խցում գտնված երկու կալանավորված անձանց հետ: Այցելություն կատարող դիտորդներն արձանագրել են, որ Վ․Գասպարիի նախկին (09-րդ խցի) խցակիցների կողմից ներկայացրած տեղեկությունների միջև առկա են հակասություններ: 20-րդ խցում կալանավորված անձինք ընդհանրապես հրաժարվել են խոսել դիտորդների հետ։
Խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ՔԿ հիմնարկի վարչական ղեկավարների հետ, ովքեր հերքելով հանդերձ, չեն բացառել բռնության հավանականությունը: Դիտորդական խմբի անդամները գտնում են, որ կալանավորելուց հետո Վարդգես Գասպարիին ի սկզբանե կարելի էր տեղավորել 06 խցում, որը կապահովեր Վ․Գասպարիի անվտանգությունը, կկանխեր այն իրավիճակը, որում նա հայտնվեց 20 և 09 խցերում գտնվելու ժամանակ։ Այս մասին նաև հայտնվեց ՔԿՀ-ի աշխատակազմին։
Միաժամանակ, դիտորդական խումբն անդրադարձավ ՔԿՀ-ում քրեական չգրված կանոնների դրսևորումների դեմ պայքարելու անհրաժեշտությանը։ Առանձին ուսումնասիրության հարց պետք է հանդիսանա նաև կալանավորված անձին խցից խուց տեղափոխելու հիմնավորումների հարցը, որի հետ կապված մտահոգություններ էին արձանագրվել նաև Գևորգ Սաֆարյանի հետ կապված։
Դիտորդական խումբը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Վ. Գասպարիի, ինչպես և յուրաքանչյուր ազատազրկված անձի իրավունքների պաշտպանության ու անվտանգության ապահովման վիճակը:
Խումբը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ցանկացած միջոցով ապահովել ազատությունից զրկված անձի անվտանգությունը՝ անկախ այն հանգամանքից, վտանգը գալիս է ի պաշտոնե գործող անձից, թե մյուս ազատազրկվածների կողմից։