«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ«Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 24-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկեց քառօրյա ուսուցողական դասընթացը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԵԳՄՄ ՀԿ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ղարիբ Բաբայանը, ինչպես նաև ԱԵԳՄՄ ՀԿ նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիրանուշ Պետիկյանը: Վերջինս իր խոսքում կարևորեց նմանատիպ դասընթաց-սեմինարների կազմակերպումը՝ նշելով, որ ժամանակակից պայմաններում տարաբնույթ կենսական խնդիրների լուծման համար երիտասարդները պետք է իրազեկված լինեն իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին: Ս.Պետիկյանը հույս հայտնեց, որ դասընթացը կնպաստի Արցախում երիտասարդական քաղաքականության մեջ իրավական տարրին առավել մեծ ուշադրություն դարձնելուն:
Դասընթացի սկզբում մասնակիցներին բաժանվեցին հարցաթերթիկներ: Հարցաթերթիկներում արծարծված հարցերի միջոցով կազմակերպիչները փորձեցին բացահայտել մասնակիցների իրավագիտակցության մակարդակը՝ խոցելի ոլորտները բացահայտելու և այդ բնագավառների շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով:
IMG_0577Կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրեցին ԱԵԳՄՄ ՀԿ նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տպագրված «Իրավագիտակից երիտասարդ» խորագրով տեղեկատվական գրքույկը՝ նշելով, որ, բնական է, գրքույկում չկան առօրյա կյանքում հանդիպող բոլոր հարցերի պատասխանները. այն նպատակ ունի մեկտեղելու աշխատանքային, ամուսնաընտանեկան հարաբերությունները, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հետ կապված հարցերը և այլն:
Առաջին դասընթացը նվիրված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության արժեհամակարգը, ընդունման նախադրյալներն ու արդի մարտահրավերները» թեմայի վերծանմանը: Դասընթացավար Ավետիք Հարությունյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման նախադրյալներին, բացահայտվեց «սահմանադրություն» հասկացության ծագումնաբանությունը և բնորոշումը՝ անցում կատարելով «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխին: Մասնակիցներն ակտիվություն ցուցաբերեցին քննարկումների ժամանակ, բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, նախանշեցին որոշակի հիմնախնդիրներ՝ փորձելով նաև որոշակիացնել դրանց լուծումները:
Որպես դասընթացի մասնակից՝ ողջունում եմ կազմակերպիչների գաղափարը և հույս եմ հայտնում, որ այս դասընթացը նախադրյալ կհանդիսանա հետագայում ավելի լայնամասշտաբ միջոցառումների նախաձեռնման և կազմակերպման համար: Ուսուցողական դասընթացը նոր հարթակ կհանդիսանա երիտասարդության համար՝ հնարավորություն ընձեռնելով ճանաչել տարբեր ոլորտներում ներգրավված երիտասարդների, միջոց կհանդիսանա հասարակության մեջ առկա հիմնախնիրները բացահայտելու, համատեղ քննարկումներ կազմակերպելու և տարաբնույթ լուծումներ առաջարկելու ու մեխանիզմներ մշակելու համար:
Լիահույս եմ, որ այս դասընթացի միջոցով նախադրյալներ կստեղծվեն հասարակական իրավագիտակցության մակարդակի բարձրացման համար և առաջին քայլերից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավական հասարակության հիմքերի արմատավորման համար:
Լուսինե Բարխուդարյան