Ընտրական գործընթացի քվեարկության փուլն անցավ աննախադեպ լարված մթնոլորտում, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը դաշինքը  կտա ընտրությունների ավարտից հետո:  Այս մասին նշվում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի hայտարարության  մեջ:
 
«Ժամը 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները և   վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն  ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության և  ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը»,- գտնում է քաղաքական ուժը:
 
«Բարև Երևան»  կուսակցությունների դաշինքը  հայտնում է նաև, որ իրենք  փոխանցել են այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում իրենց  ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին:  «Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ-իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը և  կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավվումը»,- նշվում է «Բարև Երևանի» հայտարարության մեջ: