Ընտրական գործընթացի քվեարկության փուլն անցավ աննախադեպ լարված մթնոլորտում, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը դաշինքը կտա ընտրությունների ավարտից հետո: Այս մասին նշվում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի hայտարարության մեջ:
«Ժամը 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը ներկայացնող անդամները և վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության և ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը»,- գտնում է քաղաքական ուժը:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը հայտնում է նաև, որ իրենք փոխանցել են այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին: «Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ-իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը և կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավվումը»,- նշվում է «Բարև Երևանի» հայտարարության մեջ: