«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձևի և բովանդակության շուրջ:

Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ և կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել: Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ մտքից:

Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով՝ միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին: ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: