Արդեն մայիս ամսից կսկսի գործել ՀՀԿ համահիմնադիր Անդրանիկ Մարգարյանի անունը կրող ՀՀԿ քաղաքական դպրոցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ իրեն հարգող ցանկացած երկարաժամկետ գործող քաղաքական ուժ եվրոպական դաշտում ունի իր քաղաքական ակադեմիան կամ դպրոցը: Քաղաքական դպրոցի ստեղծման աշխատանքները ղեկավարելու է Արմեն Աշոտյանը:
«Չեմ զարմանում արձագանքների վրա, որովհետև փաստացի ՀՀԿ-ն առաջինն է, որ նման որոշում է կայացրել։ Դպրոցի ստեղծման նպատակն է ունենալ շարունակական ու լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական, քաղաքական և ինտելեկտուալ կարողությունները: Դռները բաց են լինելու նաև անկուսակցական մարդկանց համար: Դպրոցի նպատակն է լինելու նաև ՝ նպաստել քաղաքական ու քաղաքագիտական մտքի զարգացմանը Հայաստանում, այն ինչի անհրաժեշտությունը զգացվում է»,- ընդգծեց նա:
ՀՀԿ-ն համագործակցելու է գերմանական Քրիոտոնեադեմոկրտական միության կողմից ստեղծված դպրոցի հետ, որտեղ տարիներ շարունակ ձևավորված ավանդույթներ կան:
Դպրոցն անցաթուղթ չէ դեպի մեծ քաղաքականություն: ՀՀԿ փոխնախագահը նաև վստահեցրեց՝ ուսանողներին չի պարտադրվելու քվարկել ՀՀԿ-ի օգտին: