Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման այլընտրանքը վստահված անձանց և դիտորդներին այդ ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մենք ընտրական օրենսգրքի նախագծում սահմանել ենք, որ ընտրություններից հետո դիտորդները և վստահված անձինք կարող են դիմել և ծանոթանալ այդ ցուցակներին: Մենք պնդում ենք, որ ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվելու, քանի որ դա գաղտնիության սկզբունքի խախտում կլինի, սակայն մենք այլընտրանք առաջարկել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հարությունյանը:
Նա հստակեցրել է, որ գործող օրենսգրքով սահմանված է, որ վերահաշվարկի դեպքում վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրական ցուցակներին, իսկ առաջարկվող նախագծով վստահված անձինք ու նաև դիտորդները կարող են ծանոթանալ այդ ցուցակներին առանց վերահաշվարկի պահանջի:
«Մեր ընդդիմադիր գործընկերներն էլ միշտ ասել են, թե ինչու վստահված անձը միայն վերահաշվարկի դեպքում կարող է տեսնել այդ ցուցակները: Մենք էլ գտել ենք, որ դա ճիշտ հարցադրում է ու առաջարկում ենք ցուցակներին ծանոթանալու հնարավորություն տալ առանց վերահաշվարկի պահանջի»,- նշել է Հարությունյանը:
Հարցին՝ կարո՞ղ է վստահված անձը ցուցակներում նկատած խախտումները դատարանում որպես ապացույց ներկայացնել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դատարանում վկայի խոսքն էլ կարող է հիմք լինել: Եթե, օրինակ, նա տեսել է, որ ենթադրենք ցուցակի 18-րդ համարի ներքո գտնվող անձի անվան դիմաց ստորագրված է և պնդում է, որ տվյալ անձը երկրում չէ կամ դատարանում ներկայացնում է այդ անձի կնոջ հայտարարությունը, որ նա արտերկրում է, դա արդեն դատարանի համար հիմք է, որպեսզի պահանջի լրացուցիչ ապացույցներ, իսկ լրացուցիչ ապացույց կարող է լինել քաղվածքը ստորագրված ցուցակ ներից: Խոսքն ընդամենը գնում է այն մասին, որ պաշտոնապես այդ ցուցակները հրապարակվել չեն կարող»։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 30-ին Ազգային ժողովում մասնակցել է ընտրական օրենսգրքի նախագծի հերթական քննարկմանը, որի ժամանակ հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների համար պարզաբանել է բոլոր այն հարցադրումները, որոնք հնչել են մարտի 18-ին ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: