««Հայեր, հասկացեք, քոչվոր թուրքը պատերազմ չի ուզում, նա ուզում է ոչնչացնել մեզ։ Պատերազմ ուզողն էսպիսի բաներ չի անում, հասկացեք»,– երեկ ֆեյսբուքում նման գրառում էր արել գեներալ– մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա իր գրառմանը կցել էր մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի վերադարձրած հայ զինվորների մարմինները եղել են խեղված, խոշտանգված ու անդամահատված։ Հիշեցնենք, օրերս նա կոչ էր արել՝ ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին. «Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով։ Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»։
Երեկ մեզ հետ զրույցում գեներալ-մայորն ասաց, որ գոհ է արձագանքներից, իրեն անընդհատ զանգում են։ «Նույնիսկ ուսանողներ են եկել ինձ մոտ, իրենց աջակցությունն են առաջարկում։ Կամաց-կամաց հավաքվում են»,– ասաց Կոմանդոսը։ Մեր հարցին, թե հավաքվելուց հետո ո՞րն է լինելու առաջին քայլը Տեր-Թադևոսյանը կատակով պատասխանեց ցույց տալու համար, որ այս պահին չի ցանկանում որևէ բան հրապարակայնացնել։ Նա հրաժարվեց հրապարակի նաև իրեն միացողների անունները։ Հիշեցնենք, որ հրապարակավ արդեն մի քանի հայտարարություններ հնչել են Կոմանդոսի նախաձեռնությանը միանալու մասին։ Մասնավորապես, Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը, ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: