«Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»,- այսօր տեղի ունեցած կառավարության նիստին ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, թե պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:
«Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ, թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»,-նշեց վարչապետը:
Նա էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքելու նպատակով:
«Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը: Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն: Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին»,-նշեց վարչապետը: