Գործադիրը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները. օճառի արտադրության մեջ բացակայում է վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է: Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:
Գործադիրի որոշմամբ՝ «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերության նպատակն է համալրել մետաղյա աղեղային հալման վառարանով, պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որից մոտ 2 մլրդ ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 180, 2017թ.- 200 և 2018թ.-220 հազար դրամ: