Հուլիսի 13-ին «Loft»-ում տեղի ունեցավ օրգանական սննդի վերաբերյալ հանդիպում-քննարկում, որի հյուրերն էին Հայաստանում Եվրոմիության պատվիրակության Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագրերի ղեկավար Ջոն Բարկերը, Հայաստանում «Բերքի փառատոն»-ի կազմակերպիչ Էլլա Բարկերը, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Ստելլա Սարուխանյանը: Հանդիպման գլխավոր նպատակն էր ներկայացնել օրգանական սննդի առանձնահատկությունները, առողջ սնվելու և առողջ ապրելակերպ վարելու կարևորությունը: Էլլա Բարկերը ներկաներին սովորեցրեց, թե ինչպես կարելի է համեղ և միևնույն ժամանակ օգտակար կերակուր պատրաստել՝ օգտագործելով բացառապես օրգանական մթերքներ: Քննարկված ամենակարևոր խնդիրներից էր մթերքի ճիշտ ընտրությունը հենց շարքային քաղաքացիների կողմից: Տիկին Սարուխանյանն իր խոսքում նշեց, որ անզեն աչքով երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ մթերքի հետ գործ ունես, սակայն, որպես կանոն, օրգանական սննդամթերքը լինում է սերտիֆիկացված, ինչն օգնում է առավել վստահ լինել այն ձեռք բերելիս:
Հասարակության շրջանում օրգանական սննդի օգտագործման մշակույթը տարածելու նպատակով սեպտեմբերին հերթական անգամ կկայանա «Բերքի փառատոն»-ը, որը մի ամբողջ օր հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին ձեռք բերել բացառապես օրգանական մթերքներ և ստանալ նոր ու հետաքրքիր տեղեկատվություն առողջ սննդի վերաբերյալ: