Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճիշտ չի համարում, որ ինքը գնահատականներ տա, թե վերջին օրերին նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը բացասաբար կազդեն վերջինիս վարկանիշի վրա, թե ոչ:
«ՀՀԿ-ն մշտապես հանդես է եկել այն տեսակետով, որ ինքը ստեղծում է այնպիսի միջավայր, որ համագործկցության համար ստեղծվի ամուր հիմք ևս կողմնակից եմ համագործակցել բոլոր ուժերի հետ, մեր երկրում ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ընտրություններից հետո ձևավորվելիք հնարավոր նոր կոլիցիային, ասաց գործադիր մարմնի ղեկավարը և հավելեց, որ այդ նույն հիմքով էլ ձևավորվել էր այսօրվա կոալիցիան:
«Հետագայում մեր գործընկերները կայացրեցին որոշում և մի մասը կոալիցիայից դուրս եկավ: Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ նրանք ցանկանում են վերադառնալ կոալիցիա բնականաբար ՀՀԿ-ն այդ հարցը կքննարկի»,- նշեց Տիգրան Սարգսյանն ու ընդգծեց, որ այս պահին այդպիսի որոշումներ դեռևս չկան:
Տիգրան Սարգսյանը չցանկացավ խոսել, թե ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում ինքը կլինի վարչապետ, թե ոչ` այդ հարցը համարելով Հայաստանի համար ոչ առաջնային.«Առաջարկում եմ լցվել համբերությամբ, սպասել ընտրությունների արդյունքներին : Կարծում եմ, որ հինգ տարի դիմացել եք մի քանի ամիս էլ կդիմանաք»,- այսկերպ պատասխանեց Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հետ կապված հարցերին:


