Որքան մեզ զսպեցինք, բայց չկարողացանք լուռ մնալ ու չանդրադառնալ երբեմն լրատվամիջոցների կողմից անթաքույց վրդովմունքով և հումորով առաջին էջեր բարձրացվող «քաղաքական գործիչ» Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությանը Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին:
Մենք սպաներ ենք, տասնամյակներ շարունակ մեզ Հայրենիքի պաշտպանություն, արարող ժողովրդի ու զինվորների կյանք է վստահվել: Մենք պատվով ծառայել ենք անծայրածիր Խորհրդային Միության զինված ուժերում, հետո` Հայկական բանակում: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդել ենք ո´չ միայն զորավարժարաններում, այլև մարտադաշտերով ձգվող խրամատներում: Ռուս, բելառուս, ղազախ ու այլ երկրներից եկած մարտիկների հետ արևի տակ վերջին կում ջուրն ենք կիսել, ձյուների մեջ սառչող մեր մարմիններով տաքացրել իրար, միմյանց մեր վերքերից հոսող արյունն ենք փոխներարկել: Որովհետև մարդ էինք ու այդպիսին էլ մնացինք:
Այդ ընթացքում նվիրյալներ, վախկոտներ ու դավաճաններ շատ ենք տեսել: Ու հիշում ենք նրանց: Բայց նաև տեսել ենք ո´չ մարդկային մի տեսակ, ում «ծախու շո´ւն» էինք անվանում և զինվորներին սովորեցնում էինք զգույշ լինել նման բազմադեմ, բայց իրականում մարդկային դիմագիծ չունեցող տականքներից:
Աստվածաշնչյան Հայաստանի հողին շատերն են փորձել թքել, բայց պատմությունը վկայում է, թե որչափ անփառունակ է եղել նրանց վախճանը: Մի դավաճան ունեինք` մելիք ֆրանգյուլը: Նույնը փորձեց նա անել, բայց շուրջ երեք հարյուրամյակ հայ ժողովո´ւրդն է թքում նրա գերեզմանին: Այ սրիկա´, ֆրանգյուլը, ում անունը հայերենում այլևս փոքրատառով է գրվում, մինչ դավաճան դառնալը գոնե մելիք էր եղել, դո՞ւ քեզնից ի՞նչ ես ներկայացնում, վաղն ի՞նչ ես լինելու, ու ինչո՞ւ ես կարծում, թե քեզ միշտ վճարելու են:
Հասկացի´ր, որ քեզ նմանները երբեք չեն կարող օգտվելով աշխարհաքաղաքական խաղերի ստոր ու այսրոպեական վայրիվերումներից, հայ-ռուսական դարավոր եղբայրությունը վերածել ինչ-որ ապրանքադրամային հարաբերությունների:
«ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
Երևան, 4-ը օգոստոսի, 2016 թվական